Գյուղատնտեսության զարգացման համար պարտադիր չէ, որ անասնապահությունը լինի
ՏնտեսությունՎերջին շրջանում արդիական թեմա է դարձել գյուղատնտեսության և ոչխարաբուծության զարգացումը Հայաստանում։ Այս թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի հետ։ Իր խոսքում Այվազյանն ասաց․
«Գյուղատնտեսության զարգացման համար տարբեր ճյուղեր կան, որոնիցից մեկն էլ ոչխարաբուծությունն է։ Եթե մենք ողջ գյուղատնտեսությունը ուղորդենք դեպի ոչխարաբուծություն, ապա կունենանք բնապահպանական լուրջ խնդիրներ, քանի որ այն տարածքներում, որտեղ զբաղվում են ոչխարաբուծությամբ, բնապահպանական խնդիրներ լինում են։ Որպեսզի որոշակի բուսատեսակների անդառնալի կորուստներ չունենանք, պետք է հստակ հաշվարկել, որ տարածքում, որքան գլխաքանակ կարող է լինել և, որքան սնունդ կա ոչխարների համար։ Գյուղատնտեսության զարգացման համար պարտադիր չէ, որ անասնապահությունը լինի։ Կարելի է նաև օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվել, ոչ ավանդական մշակաբույսերի աճեցմամբ, վտանգի տակ գտնվող էնդեմիկ բուսատեսակնարի մշակմամբ։ Գյուղական շրջաններում կարելի է նաև արտադրություններ հիմնել, օրինակ՝ չորանոցներ։ Հատկապես մի քանի մարզերում կարելի է զարգացնել տուրիզմը, իհարկե, դրա համար էլ որոշակի ենթակառուցվածքներ են պետք՝ ճանապարհներ, հյուրատներ, գովազդային վահանակներ»:
Գյուղատնտեսուսության ոլորտում հարկերի բարձրացման թեմայի շուրջ խոսելիս պատգամավորը նշեց՝
«Էնպես չի, որ միանշանակ կարող ենք ասել՝ գյուղատնտեսությունը չի հարկվում։ Կան որոշակի գյուղմթերքների արտադրություններ, որոնք տվյալ հարկատեսակից ազատված են, բայց դա ամբողջ գյուղատնտեսությանը չի վերաբերվում։ Ոչխարաբուծության առումով, կան որոշակի առավելություններ, որը տրամադրվելու է գյուղացիներին։ Ես կարևորում եմ, որ մենք ունենանք բազա և իմանանք, թե որ մարզում որ ճյուղն է հարմար իրականացնել»։
Պատգամավորը հավելեց, որ զարգացումներ ունենալու համար պետք է ուսումնասիրել նախկինում արված սխալներն ու մշակել նոր մոտեցումներ։
Ասպրամ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ