Վարչապետը ցուցարարներից հակափաստարկներ է պահանջել. մեղավորները կպատժվեն
Գիտություն և ՄշակույթԱյսօր՝ ապրիլի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Օպերային թատրոնի աշխատակիցներին, ովքեր պահանջում են չեղյալ համարել Կոնստանտին Օրբելյանին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հրամանն ու մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրաժարականը։
Հանդիպման ընթացքում վարչապետն առաջարկել է մի քանի օրվա ընթացքում ներկայացնել իրեն ներկայացված տվյալների հակափաստարկները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Օպերային թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը։
«Նախարարությունը փաստարկներ է ներկայացրել վարչապետին, թե որոնք են ազատման պատճառները։ Այդ փաստարկների մի մասը չի համապատասխանում իրականությանը։ Այս պահին թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնը կզբաղեցնի թատրոնի փոխտնօրենը։ Մի քանի օրվա ընթացքում մենք կներկայացնենք մեր հակափաստարկները։ Վարչապետն ասաց, որ եթե նախարարության ներկայացրած կետերից մեկը չհամապատասխանի իրականությանը, ապա ներկայացնողը խիստ կպատժվի՝ կհեռացվի աշխատանքից։ Այս պահին մեր խնդիրն է օրենքի տառով պատասխանել ներկայացված փաստաթղթին։ Վարչապետը շեշտեց՝ եթե օրենքում էլ թերացումներ կինեն, պետք միասին քննարկեն և լրացնեն այն»։
Դիրիժորը հավելեց, որ վարչապետի պահանջած փաստաթուղթը ներկայացնելու են իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո։