Ո՞ւմ «արտերն» են ջրում մեր հարկատուները
Аналитический2019 թվականի սկզբից մինչ օրս գրանցված գործուղումների հաշվետվություններից պարզ է դառնում, որ հայրենի պաշտոնյաները այս ընթացքում ջանք, եռանդ և ժամանակ չեն խնայել արտասահմանյան վոյաժներում մեր երկրի անունն ու պատիվը բարձր պահելու համար: Օրինակ քչերը գիտեին, սակայն ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը այս ընթացքում սկանդալների կիզակետում հայտնվելուց զատ հասցրել է նույնիսկ 6 օրյա տուրնե կազմակերպել դեպի Կորեա: Թե ինչ կտան մեր մաքսային ծառայությանը Ներսիսյանի Բոսանում անցկացրած վեց օրերը դժվար է ասել, սակայն գործուղման նպատակը երկկողմ առևտրի դյուրացման հարցի քննարկումն էր, հետևաբար այս այցի շնորհիվ շատերը իմացան , որ մեր երկիրը Կորեայի հետ նաև առտևրաշրջանառություն ունի:
Մարտի 17-20-նն էլ Սինգապուր էին մեկնել Նաիրա Կարապետյանը և Վաչագան Լալայանը: Ով տեղյակ չէ թե ովքեր են այս պաշտոնյաները, հիշեցնենք՝ խոսքը գնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության երկու վարչության պետերի մասին: Այցի նպատակը ԵԱՏՄ-ն Սինգապուրին ավել մոտ դարձնելն էր: Թե ինչո՞ւ է այդ բարդ առաքելությունը դրվել հենց Հայաստանյան նախարարության վարչության պետերի վրա՝ դժվար է ասել:
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հասցրել է այցելել Քենիայի մայրաքաղաք Նայրոբի, մասնակցելով ՄԱԿ-ի շրջակա միջավայրի գագաթաժողովին: Այս այցը լիովին արդարացված ենք համարում, քանի որ նման պատկառելի միջոցառումը պարզապես թերի կլիներ առանց Գրիգորյանի: Մյուս կողմից արդեն իսկ հասկանալի է, թե ինչու կառավարությունը ժամանակ չի գտնում, օրինակ, Ամուլսարի հարցը լուծելու համար:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարտի 13-15 Ավստրիայում էր, մասնակցում էր ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի նիստին: Հուսով ենք՝ նախարարը ներկայացրել է Հայաստանի տեսլականը այս հարցում և նաև այն, որ շուտով ԱԺ է մտնելու թմրամիջոցների մասնակի օրինականացումը թույլատրող օրենսդրական նախաձեռնությունը:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը փետրվարի 25-ից 28-ը Կիևում էր, մասնակցում էր վերապատրաստման դասընթացների: Իսկ դասընթացի թեման և քննարկվող հարցերը ավելի քան խոսուն են՝ բույսերի պաշտպանություն, զոոնոզներ և կենդանիների բարեկեցություն,ռիսկերի վերլուծության երեք հենասյուներ: Տպավորություն է, որ եթե սույն պաշտոնյան ժամանակին կրթոջախում գերազանց սերտած լիներ «Բուսաբանություն» առարկան, պետական բյուջեի հավելյալ ծախսից հանգիստ հնարավոր կլիներ խուսափել:
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նունուշյանը նույնպես տարվա սկզբից բազմազբաղ գրաֆիկով է աշխատել: Մասնավորապես փետրվարի 12-14-ը վերջինս Տոկիոյում էր, նա մասնակցում էր Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համընդանուր առողջապահական ծածկույթին հասնելու վերաբերյալ հանդիպմանը: Կասեք ի՞նչ կապ ունի դա մեր հետ՝ ոչ մի: Կասեք իսկ ի՞նչ կապ ունի դա մեր գրպանից վճարվող հարկերի հետ՝ անիմիջական:Սակայն ո՞ւմ է դա հետաքրքրում:
Հագեցած էր նաև գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի աշխատանքային տարեսկիզբը: Այսպես, փետրվարի 7-9-ը Գեղամ Գևորգյանը Գերմանիայում էր, 13-15-նն էլ Իտալիայում: Նպատակը դեպի ԵՄ շուկա պտուղ-բանջարեղենի արտահանումը խթանելու վերաբերյալ քննարկումներն էին: Թե ինչ ենք մենք արտահանելու ԵՄ գիտի միայն նախարարի տեղակալը, քանի որ գյուղատնտեսությունը հարկային դաշտ բերելուց հետո գյուղացիները ակնհայտորեն զերծ են մնալու պտուղ-բանջարեղեն ցանելու ավանտյուրայից, իսկ մնացած մասն էլ պտուղ-բանջարեղենից շուտվանից է ձեռ քաշել՝ ոչխար է պահում:
Եվ, իհարկե, չենք կարող չանդրադառնալ ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանին, ով մարտի 13-15-ը անց է կացրել Ֆինլանդիայի հանրապետությունում, նպատակն էլ Ֆինլանդիայի վիճակագրության փորձը ուսումնասիրելն էր: Այս մի գործուղումը մեզ թույլ կտանք համարել ամենա ավելորդն ու անիմաստը, քանզի Հայաստանում չկա գեթ մեկը, ով կարող է հավատալ, թե հայկական այվազովսկին ոլորտին վերբերվող որևէ նոր բան կարող է սովորել ֆիններից: Հակառակը, եթե այս գործուղումը նույնիսկ արդյունավետ է եղել, ապա այն միանշանակ արդյունավետ է եղել ֆիննական կողմի համար՝ քանզի վրձնին տիրապետելու նուրբ արվեստը այսուհետ հասու է նաև նրանց: