Ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը մեր կողմն է լինելու. Արթուր Ոսկանյան
ՍպորտՀայաստանի Մ-19 հավաքականը բովանդակ նախապատրաստություն է անցնում Եվրոպայի առաջնությունից առաջ: Հավաքները հաջորդում են իրար, վերլուծական աշխատանքը չի դադարում, թիմը նոր մոտեցումներ է յուրացնում և ընկերական խաղերի մասնակցում: ՀՖՖ-ի մամուլի ծառայության տված հարցազրույցում Մ 19 հավաքականի գործունեությունն ամփոփել է գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը:
«Խաղից խաղ թիմը զարգանում է: Տղաները հիմնականում ցածր լիգաներում են խաղում: Փորձի պակաս ունեն հիմնականում պաշտպանները, որոնք առավելապես ներկայացնում են Հայաստանի առաջին խմբի առաջնությունը. ցածր տեմպը և ոչ այնքան բարձր որակը իրենց ազդեցությունը թողնում են: Միջազգային խաղերում տեմպին և ռիթմին ընտելանալու խնդիրներ են առաջանում ու պաշտպանական սխալներ են լինում: Միջին գծի և հարձակման խմբի ֆուտբոլիստները խաղային որոշակի ժամանակ ստանում են բարձրագույն խմբում»,- ասել է Ոսկանյանը:
Մարզչի խոսքով՝ մինչև 19 տարեկանների առաջնությունը Հայաստանում անցկացնելը մեծ օգուտ կտա հայ ֆուտբոլիստներին: «Ֆուտբոլային բազմաթիվ սկաուտներ են ժամանելու Երևան: Լավ ֆուտբոլ խաղալու դեպքում մեր տղաները կարող են այդ սելեկցիայի մասը կազմել: Այսպիսի մրցակիցներ ունենալու բախտ ամեն թիմի չի վիճակվում: Տղաները պետք է օգտվեն այս հնարավորությունից: Արժեքավոր այս փորձը նրանց կարող է մղել երիտասարդական, ապա նաև՝ ազգային հավաքական: Նախապատրաստվելիս խաղացել ենք Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Հոլանդիայի, Գերմանիայի հասակակիցների հետ: Շուտով ավելի ինտենսիվ շրջափուլ է սպասվում արդեն պաշտոնական ձևաչափում: Այս ելույթները կարող են դառնալ մեծ թռիչքի սկիզբը: Նման խաղերում ավելի մեծ փորձ են յուրացնում, քան մեկ մրցաշրջանի՝ հայկական թիմերի ներքին դիմակայություններում»,-փաստել է նա: