Վեճ, դանակահարություն. համաներված տղամարդը մահացավ հիվանդանոցում
«Արմենիա» բժշկական կենտրոնից մարտի 30-ին, ժամը 23:45-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Պարոնյան փողոցից մի տղամարդու է տեղափոխել հիվանդանոց: Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ախտորոշվել էր ալկոհոլային թունավորում, տղամարդու մարմնին էլ վնասվածքներ էին հայտնաբերվել:
Համաներմամբ ազատ արձակված 33-ամյա Կարեն Ավետիսյանն ապրիլի 1-ին, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախույզները տարաբնույթ միջոցառումների արդյունքում պարզել են, որ մահացած տղամարդը հիվանդանոց տեղափոխվելու օրը վիճել էր Երևանի բնակիչներ 35-ամյա Վազգեն Գևորգյանի և 33-ամյա Արսեն Օհանյանի հետ: Դեպքը տեղի էր ունեցել նրանց ընդհանուր ծանոթներից մեկի՝ մայրաքաղաքում գտնվող բնակարանում, որտեղ ալկոհոլ էին օգտագործել:
Նախնական տվյալներով այդ ընթացքում կենցաղային հարցերի շուրջ վեճ է սկսվել, Վազգեն Գևորգյանն ու Արսեն Օհանյանն էլ հարվածներ են հասցրել Կարեն Ավետիսյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նրա մահից հետո ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ: Կենտրոնականի ոստիկանները Վազգեն Գևորգյանին հայտնաբերել են ու կասկածանքով բերման են ենթարկել բաժին, նա ձերբակալվել է: Ոստիկանությունում հարուցված քրեական գործը փոխանցվել է տարածքային նախաքննական մարմնին հետագա քննության:
Ապրիլի 2-ին ոստիկանները հայտնաբերել ու ձերբակալել են մյուս կասկածյալ Արսեն Օհանյանին, ով նույնպես ձերբակալվել է: