Ես կդադարեցնեի ամեն տեսակ օգնություն զոհվածների ընտանիքներին․ Գևորգ Բաղդասարյան
ՀասարակությունԱրդեն տեղեկացրել էինք, որ ԵԿՄ 12-րդ համագումարի ընթացքում ընտրվեց վարչության կազմ և ԵԿՄ նախագահ։ Նախագահի ընտրությունից առաջ, համագումարի հրավիրյալ Գերագույն խորհրդի պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պահեստազորի գնդապետ Գևորգ Բաղդասարյանը Երկրապահի նախագահի պաշտոնի համար առաջարկեց նաև իր թեկնածությունը։ Սակայն, առաջարկությունը մերժվեց՝ պատճառաբանվելով, որ Բաղդասարյանը չունի ԵԿՄ մանդատ։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Բաղդասարյանը մեկնաբանելով իրավիճակը նկատեց, որ իր ընկերներից ոչ ոք չի պաշտպանել իր թեկնածությունը, ինքն էլ պատվիրակ չէր, այլ՝ հրավիրյալ:
«Իմ թեկնածությունն առաջադրելով կարծում էի, որ որևէ մեկն այնքան քաջություն կունենար, որ կպաշտպաներ այն, թեկուզ որ ես վարչության անդամ չեմ։ Սասուն Միքայելյանն իմ մարտական ընկերն է, և ես ընդունում եմ նրա թեկնածությունը, բայց ես չէի ուզենա, որ նա ընտրվեր առանց այլընտրանքի»։
Հարցին, թե ի՞նչ փոփոխություններ կաներ Երկրապահում, եթե ընտրվեր, պատասխանեց.
«Ես կդադարեցնեի ամեն տեսակ օգնությունը (դրամական) զոհվածների ընտանիքներին, գուցե հաշմանդամներին տայի, բայց զոհվածների ընտաիքներին այլևս ոչինչ չէի տա, քանի որ այդ ամենը ստանձնել է պետությունը և պարտավոր է պետությունը հոգալ այդ հարցը»։
Բաղդասարյանը նշեց, որ չնայած նա հրավիրյալ էր և իր առաջարկությունները չընդունեցին, բայց նա ԵԿՄ հիմնադիրներից մեկն է, Վազգեն Սարգսյանի մարտական ընկերը։ Հարցին, թե ո՞րն էր պատճառը, որ իր թեկնածությունը չպաշտպանեցին իր մարտական ընկերները, պատասխանեց.
«Գուցե պատճառն այն է, որ վատառողջ եմ, երկրորդ կարգի հաշմանդամ»։
Գևորգ Բաղդասարյանը հավելեց, որ անվստահություն չունի վարչության կազմի որևէ անդամի հանդեպ։
Ասպրամ Փարսադանյան