Հարկային բարեփոխման «բլեֆը»
Аналитический2016 թ. վերջին ընդունված հարկային օրենսգրքով սահմանվեց եկամտային հարկի եռաստիճան համակարգը։ Այն է՝ մինչև 150 հազար դրամ ստացողների եկամտահարկը կազմում է 23 տոկոս, 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ ստացողներինը՝ 34 500 դրամ՝ գումարած 150 հազար դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը, իսկ 2 միլիոն դրամից ավելի ստացողների համար՝ 552 հազար 500 դրամ՝ գումարած 2 մլն դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը:
Հարկային օրենսգրքում փոփխությունների կատարման նախագծով առաջարկվում է սահմանել եկամտային հարկի համահարթ համակարգ՝ 23% դրույքաչափ, որը տարիների ընթացքում կնվազի մինչև 20%-ի: Ասվում է, որ սա կբերի աշխատավարձի հայտարարագրման ոլորտում ստվերի նվազմանն ու կթեթևացնի քաղաքացիների ու բիզնեսի հարկային բեռը:
Սակայն ի՞նչ ենք ունենալու մենք իրականում: Եկամտային հարկի նախկին 28 և 36 տոկոս դրույքաչափերի իջեցումը որևէ կերպ չի անդրադառնալու աշխատող բնակչության մեծամասնությանը, նվազ (միջինում 8.9 հազար ՀՀ դրամով) կանդրադառնա աշխատողների 34.8 տոկոսի վրա, իսկ ամենաէական և ուրախալի փոփոխությունը կլինի 2 միլիոնից ավել աշխատավարձ ստացող փոքր խմբի համար, ում եկամտային հարկը կնվազի (առձեռն աշխատավարձը կավելանա) միջինը 316.9 հազար ՀՀ դրամով: Ստացվում է, որ այս փոփոխության հիմնական շահառուն աշխատողների մեկ տոկոսը չկազմող խումբն է:
Հետևաբար, այս հարկային օրենսգիրքը, որը իշխանությունները փորձում են ներկայացնել իբրև դարի ռեֆորմ, իրականում ոչ միայն հեռու է հեղափոխական լինելուց, այլ նաև իր էությամբ հակահեղափոխական է, հակասում է ժամանակին Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, թե սոցիալապես ծանր վիճակում գտնվող մեր քաղաքացիների հարկային բեռը զգալիորեն թեթևանալու է: