Մի դիպլոմի պատմություն. հայտնի է Փաշինյանի ազգականի անունը, և թե ինչու է նա հայտնվել ԱԱԾ-ի թիրախում
ПравоՀՀ քննչական կոմիտեն այսօր՝ ապրիլի 11-ին, վարույթ է ընդունել ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը: Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Նախնական տվյալներով՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի ինժեները, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճեն, նշանակվել է հիշյալ կազմակերպությունում բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել ՊՈԱԿ-ի ինժեների կողմից կադրերի բաժին ներկայացված դիպլոմի՝ առերևույթ կեղծված լինելու մասին»,- ասաց նա։
Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն։
ԼՈւՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ խոսքը վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մորեղբոր որդուն՝ Մամիկոն Հովհաննիսյանին։
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 4-ի ուշ երեկոյան, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ իր ցուցումով իր մերձավոր ազգականի ենթադրյալ չարաշահման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»,-նշել էր նա՝ չմանրամասնելով, թե ում մասին է խոսքը։
Նշենք, որ Փաշինյանի մերձավոր ազգականի կողմից ենթադրյալ չարաշահման փաստի առթիվ քրգործը հարուցվել էր Ազգային անվտանգության ծառայությունում:
Սոնա Հարությունյան