Սադրանքներ են. Անդրանիկ Քոչարյանը՝ Հոկտեմբերի 27-ի հետ կապված՝ իրեն վերագրվող հայտարարությունների մասին
ПолитическиеՎերջերս լուր տարածվեց այն մասին, որ տեղի է ունեցել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստ։ Այդ նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, շոշափվել է նաև 1999թ. հոկտեմբերի 27–ին տեղի ունեցած ահաբեկչության թեման։ Ներկաները հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ու Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվել են, թե արդյոք լինելո՞ւ է բացահայտում Վազգեն Սարգսյանի ու մյուսների սպանության պատվիրատուների մասով։
Անդրանիկ Քոչարյանն այդ հարցին սենսացիոն պատասխան է տվել։ Նա, ըստ մամուլի հրապարակումների, հայտարարել է, որ Հոկտեմբերի 27–ի գործը պատվիրատուների մասով բացահայտված է, և որ դա արել են ռուսական հատուկ ծառայությունները՝ Վլադիմիր Պուտինի հրահանգով:
Այս առնչությամբ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ անհեթեթություն է համարում հայկական որոշ լրատվամիջոցներից ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված հրապարակումներն այն մասին, որ «Հոկտեմբերի 27-ը կազմակերպել ու իրականացրել են ռուսական հատուկ ծառայությունները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ»։
«Դրանք սադրանքներ են, որոնք միտված են հայ-ռուսական հարաբերությունները փչացնելուն, այն պարագայում, երբ սկսվել է հարաբերությունների առողջացման գործընթաց։ Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները պարզապես չի ստացվի փչացնել: Այդ ստահոդ լուրերը վերցրել էին ադրբեջանական կայքերը, և դա դարձրել էին Հայաստանի դեմ նյութ: Այս ստահոդ լուրերը կայքերում տարածվել էին իմ անունից, ինչը շատ լուրջ է, որովհետև Ադրբեջանն անմիջապես դա օգտագործեց: Այդ կայքերում նույնիսկ հղում չկար, թե ես որտեղ եմ նման բան ասել ու չէր էլ կարող լինել, որովհետև այդպիսի անհեթեթ բան պետական կառույցները երբևիցե իրենց թույլ տալ չեն կարող, որովհետև Հոկտեմբերի 27-ի քննությունը չի ավարտվել: Իմ անունից արված հայտարարությունները համարում եմ սուտ և սպասում եմ, որ այդ կայքերը հիմնավորեն իրենց ներկայացրած սուտ տեղեկությունը»,- հայտարարեց Քոչարյանը։
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Հոկտեմբերի 27-ի հետ կապված իր մեղադրանքները մշտապես ուղղել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ, քանի որ իր համար մինչ այժմ անհասկանալի է՝ ի՞նչ են քննարկել Քոչարյանն ու ոճրագործության հեղինակ Նաիրի Հունանյանը՝ փակ դռների հետևում։