Նազարբաևի ուշագրավ նամակի տողատակը. նոր անակնկալ Փաշինյանին
Վերլուծական
Ղազախստանի պաշտոնաթող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է գրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը արդեն ամիսներ շարունակ կալանավորված է Մարտի 1-ի գործի շրջանակներում: Այդ նամակի մասին տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը: Թե ինչ մանրամասներ կան՝ հայտնի չէ, սակայն հաղորդվում է, որ Ղազախստանի նախկին նախագահը Քոչարյանին տեղեկացրել է Ղազախստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների մասին ու նաև հույս հայտնել, որ կլինեն հետագա անձնական շփման առիթներ՝ ջերմորեն հիշելով նախկին շփումները:
Իհարկե, դեռևս հարց է՝ արդյո՞ք Նազարբաևի նամակը պատասխան էր Քոչարյանի նամակին: Առավել հավանական է, որ հենց այդպես է, և Քոչարյանը ինքն է այս նամակագրական կապի հեղինակը: Սակայն հասկանալի է, որ նամակի տիրաժավորումը և ինքը նամակը՝ ունեն մեկ հստակ նպատակ՝ ընդգծել Քոչարյանի միջազգային, եվրասիական դաշտում գործոն լինելը՝ շրջանցելով վարչապետ Փաշինյանին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Քոչարյանի ծննդյան օրվա առթիվ հղած շնորհավորանքից հետո սա երկրորդ ժեստն էր երկրորդ նախագահին, սակայն արդեն ոչ Պուտինի ձեռքով:
Կասկած չկա նաև, որ սա հստակ մեսիջ է Ղազախստանի կողմից՝ Նիկոլ Փաշինյանին: Ինչո՞ւ հենց հիմա Նազարբաևը որոշեց վերհիշել Քոչարյանի հետ իր նախկին շփումները: Վերջին շրջանում Փաշինյանը մի շարք առաջարկություններ է հնչեցրել, որոնք կարող են ԵԱՏՄ շրջանակներում էականորեն խփել թե՛ ՌԴ, թե՛ Ղազախստանի շահերին: Խոսքը, մասնավորապես, միասնական էներգետիկ շուկայի ձևավորումն է, որի դեպքում մասնավորապես, Մոսկվան կկորցնի իր մենաշնորհային դիրքը: Սա հղի է ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական մենաշնորհի կորստով: Մի բան, ինչը միանշանակ չի բխում Կրեմլի շահերից: Ապրիլի 29-ին Երևանում կայանալու է ԵԱՏՄ հերթական նիստը, որի ընթացքում Փաշինյանն, ըստ ամենայնի, պատրաստվում է բարձրաձայնել իր կողմից արդեն իսկ հնչեցված խնդիրները: Արդյո՞ք Նազարբաևի ձեռքով գրված նամակը ՌԴ և Ղազախստանի մեսիջը չէ Նիկոլ Փաշինյանին, որ եթե վերջինս հետ չկանգնի իր նախաձեռնություններից, վերոնշյալ տանդեմը կարող է վերջնականապես բռնել Քոչարյանի թևը…