Մեկ տարի առաջ այս օրը կրկին միասին էինք՝ փշալարերի հակառակ կողմում. Փաշինյանը՝ ոստիկաններին (տեսանյութ)
VideoԱյսօր՝ ապրիլի 16-ին, ՀՀ Ոստիկանության օրվա 101-րդ տարեդարձին նվիրված նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց ՀՀ Ոստիկանության օրվա կապակցությամբ։ Վարչապետն իր խոսքում հիշեցրեց, որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը կրկին միասին էին, սակայն փշալարերի տարբեր կողմերում։
«Ես այս օրը շատ նշանային եմ համարում ՀՀ ոստիկանության և ՀՀ քաղաքացիների հարաբերությունների մեջ, որովհետև բացի այն, ինչ երևում է էկրաններից, ակնհայտ է՝ ինչ հետևություն կարող ենք անել այդ օրվանից։ Մեր հետևությունն այն էր, որ այդ ողջ գործընթացը, երբ տեղի ունեցավ հակասության ակցիա, այդ ամենի մեջ չկար ոչ մի կաթիլ և ոչ մի հատիկ ատելություն։ Ես հենց այս առումով եմ նշանավոր և նշանային համարում այդ օրը, դա սկիզբն է մի նոր բովանդակության ՀՀ ոտիկանության և քաղաքացիների հարաբերությունների, այն առումով, որ ՀՀ ոստիկանության գործողությունները ատելություն չպետք է արտահայտեն և առաջացնեն։ Աշխարհի ամենաժողովրդական երկրներում անգամ, ցավոք սրտի, ոստիկանությունը ստիպված է լինում դիմել ինչ-ինչ ուժային գործողությունների։ Ես կարծում եմ, որ վերջին ամիսների ամենամեծ ձեռքբերումը կարող ենք հենց դա համարել, երբ ատելությունը, որպես հարաբերությունների հատկանիշ, ընդհանրապես դուրս է եկել ոստիկանության և հասարակության հարաբերություններից, իշխանության և հասարակության հարաբերություններից»,-իր խոսքում հայտարարեց ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ նոր Հայաստանում ոստիկանությունն իսկապես նոր բովանդակություն, նոր կերպար կստանա, նոր անելիքի մեջ կդրսևորվի և այդ անելիքը չի լինի քաղաքական որևէ ուժի, որևէ թիմի կամ որևէ անձի ծառայելը, այլ ՀՀ ոստիկանությունը կծառայի Սահմանադրությանը, օրենքին և ժողովրդին։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր ամեն ինչ չէ, որ կատարյալ է, սակայն վստահություն հայտնեց, որ գնում են ճիշտ ճանապարհով և որ ՀՀ ոստիկանության ձգտումը պետք է լինի՝ հասնել կատարելության։