Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել «Եռաբլուրում» վնասված և թալանված մեքենաների վերաբերյալ գործը
RightՀՀ քննչական կոմիտեն վարույթ է ընդունել ապրիլի 2-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ավտոմեքենաների վնասելու և թալանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Այս մասին հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել, երեկ երեկոյան ուղարկել են ՔԿ, մենք էլ վարույթ ենք ընդունել: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել) և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի ( գողություն, որը կատարվել է խոշոր չափերով, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) հատկանիշներով»,- նշեց Հարությունյանը:
Նրա խոսքով՝ մինչ այս պահը, կասկածյալի, մեղադրյալի դատաիրավական կարգավիճակ ունեցող ոչ մի անձ չկա:
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ապրիլի 4-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել էր, որ գործով կասկածյալներ կան:
Հիշեցնենք,որ ապրիլի 2–ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ անհայտ անձինք ավտոմեքենաներ են թալանել, որոնցից մեկը պատկանել է ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ որդուն։