Ով այլընտրանքային տեսակետ է hայտնում` դառնում է թշնամի. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
PoliticalԻնչպե՞ս է որոշվում` այս կամ այն նախարարությունը պետք է մնա, թե ոչ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ոլորտային մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը՝ խոսելով նախարարությունների օպտիմալացման մասին։
«ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է վերածվեն նախարարությունների։ Ինչպես Պաշտպանության նախարարության դեպքում ունենք պաշտպանության նախարար՝ որպես պատասխանատու անձ, ունենք Գլխավոր շտաբի պետ՝ որպես զինվորական պատասխանատու, նույն ձևով ոստիկանության և ԱԱԾ–ի դեպքում է, մենք կարող ենք ունենալ նախարար, կառավարության անդամ, որը քաղաքական պատասխանատվություն է կրում, պառլամենտական վերահսկողության ներքո է»,- նշեց նա։
Նա նշեց՝ «Լուսավոր Հայաստանի» առաջարկած՝ կառավարության կառուցվածքի նախագծի որոշակի կետերի հետ համաձայն են, քանի որ նախագիծը ձևավորվել է նաև ՀՅԴ–ի առաջարկների հիման վրա, սակայն համաձայն չեն Սփյուռքի նախարարության վերացմանը. «Օրինակ՝ իրենք ասում են, որ համաձայն են, որ Սփյուռքի նախարարությունը վերանա, կամ գոնե փոխվարչապետով մնա, մենք ասում ենք, որ ոչ միայն Սփյուռքի նախարարությունը չպետք է վերանա, այլև պետք է փոխվարչապետ լինի, որը կկորդինացնի ոլորտը։ Բացի այդ, իրենք Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունն առանձնացնում են, մենք ասում ենք, որ կարևորը քաղաքական պատասխանատու ունենան, դրանք կարող են մեկ կառույց լինել։ Անընդունելի է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությունը, թե ֆիքսենք, որ 12 նախարարություն է լինելու, հետո բովանդակությունը կլցնենք»,- ասաց Մինասյանը։
Ըստ նրա՝ ով այլընտրանքային տեսակետ է հայտնում՝ դառնում է թշնամի․ «Երբ ասում ենք նույն սուպերվարչապետական համակարգի դեմ անընդհատ խոսացողները այսօր դարձել են սուպերվարչապետությունը պահող, գրկող, պաշտպանող ուժեր, չասե՞նք՝ էս ի՞նչ եք անում»,– ասաց նա։