Ինքն իմ հետ հանդիպման չի կարա գա. Ծառուկյանը՝ Թունյանի մասին
Политические«Այն մարդիկ, ովքեր հայտարարում են` թող այդ 1000 աշխատատեղն էլ փակվի, կյանքում ինչ-որ մեկին օգնած կա՞ն: Ես երեկ հանդիպել եմ իմ ժողովրդի հետ, որոնց աչքերում փայլ չկար: Մարդիկ վարկերի տակ են, մի քանի օր է՝ փողոցում կանգնած են, այնտեղ են քնել։ Ես հանդիպել եմ աշխատակիցների հետ, բայց առաջացած խնդրի մեղավորը ես չեմ։ Այսօր իրենց ներկայացուցիչը կգա էստեղ, ամեն ինչ կանենք, որ օգնենք»,-այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Արարատցեմենտի» աշխատակիցների բողոքի ակցիային՝ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Նա նշեց, որ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի մոտ հավաքվել և խորհրդակցել են, թե ում շահերը պետք է պաշտպանեն, այնինչ Թունյանը պարտավոր էր ցեմենտի գործարանների աշխատակիցների հետ քննարկումներ անել․ «Կառավարությունը որոշում է կայացրել, մենք էլ դրա համաձայն ցեմենտ չենք արտադրում, կլինկեր ենք բերում, եթե իրենց դա ավելի ձեռնտու է, մենք էլ կանենք այդպես, հակառակ օրենքի ոչ մի բան չենք անում»,- նշեց նա:
Հարցին՝ Թունյանն իր հետ հանդիպման գնացե՞լ է, թե՞ ոչ, Ծառուկյանը պատասխանեց. «Ինքն իմ հետ հանդիպման չի կարա գա, թող գնա գործարան, թող գնար մասնագիտորեն ծանոթանար գործին, որ իմանար՝ ցեմենտն ինչ է, կլինկերն ինչ է»,- նշեց նա։