Ինչ են քննարկել Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը ցեմենտի հարցի շուրջ
Տնտեսություն«Ես որևիցե մեկին չեմ ուզում վիրավորել, բայց այսօր պետք է քննարկվի իրականությունը»,-Ազգային ժողովում իր ելույթից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով ցեմենտի ներմուծման համար պետական տուրքի կիրառմանը:
Գագիկ Ծառուկյանը նշեց, որ այդ թեմայով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումն անցել է շատ ջերմ. «Երկրի վարչապետը կողմ է, որ տնտեսությունը զարգանա, ժողովրդի վիճակը լավ լինի: Իմ ու քո չկա, հիմնական խնդիրը պետք է ճիշտ ներկայացվի, մարդկանց նեղացնել չլինի: Հարցը տվել ենք, հարցի պատասխանը կտան՝ կասենք դուք ճիշտ եք, մենք ենք սխալ: Այսօր ժողովուրդը նոր իշխանությունից սպասելիք ունի, համբերատար սպասում են, որ լավ է լինելու, բայց այս մթնոլորտում` մեկը մյուսին վիրավորելով չէ: Մենք երբեք մեզ թույլ չենք տվել վիրավորել առաջինը, բայց եթե մեզ վիրավորում են, մենք էլ ենք վիրավորում: Եթե Հայաստանում որևէ մեկն ինձ կապացուցի, որ ներկայացված ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր է, մենք կողմ կքվեարկենք»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:
ԲՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ, այնուամենայնիվ, երկրի վարչապետը երկրի զարգացմանը նպաստող ցանկացած առաջարկ ընդունում է` անկախ կուսակցական պատկանելությունից:
Ամփոփելով իր խոսքը, Ծառուկյանը նշեց, որ ցեմենտի խնդրով դեռ քննարկումների մեջ են: Նրա խոսքով՝ ցեմենտի էժան լինելուն ինքն էլ է կողմնակից: Եթե իշխանությունը որոշում է կայացնում չհարկել կլինկերը, թող հանրությունն իմանա, որ պատասխանատուն նրանք են, իսկ իրենք առաջարկում են իրենց տեսակետը: Նրա խոսքով՝ վարչապետն ասել է` քննարկեք, որ ծրագիրը տնտեսության զարգացմանը կնպաստի, այդպես արեք: