Վահե Գրիգորյանը կրկին կառաջադրվի՞ ՍԴ անդամի պաշտոնի համար․168.am
ПолитическиеՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի նոր ընտրություն կազմակերպելու մասին: Ըստ այդմ՝ մինչև մայիսի 3-ը դատավորների թեկնածուները պետք է ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը:
Համառ լուրերը շարունակվում են, որ ՍԴ անդամի թափուր աթոռը զբաղեցնելու է փաստաբան Վահե Գրիգորյանը: Դեռ անցյալ տարվանից խոսակցություններ կային, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց նրան է տեսնում ՍԴ ապագա նախագահի պաշտոնում: Սակայն Վ.Գրիգորյանի թեկնածության առաջադրման առաջին անհաջող փորձից հետո, երբ անցած տարի հոկտեմբերին 6-րդ գումարման ԱԺ-ն չընտրեց նրան, ակտիվացան խոսակցությունները, որ Գրիգորյանը չի կարող այլևս առաջադրվել, քանի որ պետք է առաջադրվի «նոր թեկնածու»:
Մեջբերվում էր ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված 141-րդ հոդվածի 8-րդ՝ «Եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է նոր թեկնածու»: Այս շահարկումներին վերջ տալու նպատակով մարտի վերջին խորհրդարանն ընդունեց ԱԺ կանոնակարգ և ՍԴ մասին սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր հանել «նոր թեկնածու» եզրույթը, սակայն, ի վերջո, այն պահպանվեց, փոխվեց միայն ժամկետը. «Եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու»:
Սակայն օրենքը մեկնաբանվեց, որ, եթե նոր թեկնածուն այս անգամ էլ չընտրվի, նա չի կարող որպես ՍԴ անդամի նոր թեկնածու՝ մեկ անգամ էլ ներկայացվել, մինչդեռ այն թեկնածուները, որոնք առաջադրվել են ԱԺ 6-րդ գումարման նստաշրջանում և չեն ընտրվել, նրանց թեկնածությունը 7-րդ գումարման նստաշրջանում կարող է առաջադրվել:
168.am-ը փորձեց այս թնջուկի մասին պարզաբանում ստանալ խորհրդարանական ուժերից, օրինակ՝ Վահե Գրիգորյանի թեկնածությունը կարո՞ղ է կրկին ներկայացվել ՍԴ անդամի պաշտոնի համար:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ Սահմանադրությամբ նախատեսված են այն սուբյեկտները, որոնց ՀՀ նախագահը չի կարող առաջադրել՝ որպես ՍԴ անդամ.
«Օրենքով չենք կարող այդ սուբյեկտների շրջանակն ընդարձակել: Այսինքն՝ օրենքով չես կարող գրել, որ նախագահը չի կարող առաջադրել նախկինում առաջադրված որևէ մեկին»:
Մեր ճգրտող հարցին՝ այսինքն, որևէ անձի մեկ անգամ առաջադրված լինելը չի՞ խանգարում կրկին ներկայացնել նրա թեկնածությունը, Ն.Բաղդասարյանը պատասխանեց. «Սահմանադրությամբ նման արգելք չկա»:
Միաժամանակ, իշխանական պատգամավորը բացառեց որևէ քաղաքական բաղադրիչ՝ Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը մերժելու մեջ. «Քաղաքական բաղադրիչ ես չեմ տեսնում: Ես Գոռին ճանաչում եմ մոտ 10 տարի՝ որպես շատ լավ, գրագետ, Սահմանադրությունն իմացող անձնավորություն, բայց նրա ներկայացրած փաստաթղթերը չէին համապատասխանում»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։