Հեմոդիալիզի գործով ձերբակալված «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահն ազատ է արձակվել
ПравоՊետական վերահսկողության ծառայության աշխատակիցների հետ կալանավորված «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահն Տարոն Ավետիսյանն ազատ է արձակվել: Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը»,- ասաց Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ Տարոն Ավետիսյանն ազատ է արձակվել գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ` խափանման միջոցը փոխելու արդյունքում:
Հիշեցնենք, որ 2019 թ.-ի հունվարին Վանաձորի ԲԿ-ն հայտարարել է հեմոդիալիզի պարագաների մրցույթ, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել «Զորաշեն» ՍՊԸ, սակայն Hetq.am-ի հայտնի հոդվածում նշվում է, որ տվյալ ՍՊԸ-ն մրցույթում հաղթել է ոչ օրինական ճանապարհով:
2019 թ. փետրվարի 27-ին պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանին և նրա ղեկավարած վարչության աշխատակից Գևորգ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը)։ Գործով մեղադրանք է առաջադրվել նաև «Զորաշեն» ՍՊԸ–ի ներակայացուցիչ Տարոն Ավետիսյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու և փաստաթղթեր կեղծելու համար։ Երեքի նկատմամբ էլ դատարանը, որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։ Սակայն որոշ ժամանակ անց, Գևորգ Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ:
Այս գործի շրջանակներում ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: