Կենացներով պատմական արդարության չեն հասնում. Դավիթ Սանասարյան
ՔաղաքականԵրբևիցե կենացներով պատմական արդարության չեն հասնում, երբևիցե հայհոյելով պատմական արդարության չեն հասնում: Այդ մասին այսօր՝ ապրիլի 24-ին, ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, որի լիազորություններն, իր դեմ հարուցված քրեական գործի պատճառով ժամանակավորապես դադարեցված են:
«ՀՀ քաղաքացիներս, նոր Հայաստանի իշխանություններս մեկ բան պետք է հասկանանք, որ ավելի քան հարյուր տարի առաջ կատարվածի պատասխանը ուժեղ Հայաստան ունենալն է, հզոր տնտեսություն ունենալն է, հզոր բանակ ունենալն է, և ոչ թե այն խոսքերն ու հայհոյանքները, որոնցով շատ շատերը փորձում են ինքնահաստատվել»,-ասաց Սանասարյանը:
Սանասարյանը նշեց նաև, որ իր համար ամենակարևորն է, որ ճանաչվի ՀՀ քաղաքացու իրավունքը սեփական երկրում, որ ՀՀ քաղաքացին վստահ իրեն զգա սեփական երկրում, որ ՀՀ-ում բոլորը լինեն հավասար, ու չլինեն արտոնյալներ:
«Հեղափոխությունից հետո այդ քաղաքականությունը տարվել է և տարվում է: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը՝ ես կարծում եմ, որ տարվել է և տարվում է բալանսավորված քաղաքականություն իշխանությունների կողմից»,-ասաց Սանասարյանը: