Սարգսյանի ու Փաշինյանի շահերը համընկնո՞ւմ են
АналитическийԱյսօր ուշագրավ հայտարարություն է արել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Վերջինս միանգամից երկու նվեր է արել գործող իշխանություններին: Մասնավորապես, Թովմասյանը հայտարարել է, որ ՍԴ-ն մերժել է վարույթ ընդունել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական գրասենյակի ներկայացրած երկու դիմումները: Երկրորդ հայտարարությունն էլ վերաբերվում էր սահմանադրական բարեփոխումներին. ըստ էության, Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ ինքը դեմ է իր իսկ կողմից գրված Սահմանադրությունը փոխելուն:
Իհարկե, դա տրամաբանական է, սակայն խնդիրը պետք է դիտարկել շատ ավելի լայն համատեքստում: Հրայր Թովմասյանը համարվում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մարդը, իսկ թե Քոչարյանի կալանքի տակ մնալը, թե սահմանադրական բարեփոխումների առկախումը բխում է Սերժ Սարգսյանի շահերից: Զուգադիպություն է թե ոչ, սակայն վերոնշյալը բխում է նաև Նիկոլ Փաշինյանի շահերից: Եվ հենց այս փաստն է, որ ամենաուշագրավն է, ինչպե՞ս է ստացվում, որ օրակարգային հարցերի գրեթե 90 տոկոսի դեպքում հեղափոխության լիդերի և նրա կողմից մերժված նախկին նախագահի շահերը համընկնում են: Քոչարյանի կալանավորումից, կադրային քաղաքականությունից, իրավապահ համակարգի կողմից տարվող «չիստկայից» մինչև սահմանադրական բարեփոխումներ՝ բոլոր առումներով Սարգսյանի և Փաշինյանի շահերը համընկնում են:
Տրամաբանական հարց է առաջանում՝ Հայաստանը դե ֆակտո Սերժ Սարգսյա՞նն է կառավարում, թե՞ Փաշինյանը չունի ցանկություն կամ քաղաքական կամք՝ ազատվելու դեռևս իներցիայով գործող նախորդ համակարգից և նախընտրում է շարունակել լավագույն ավանդույթները՝ մոռանալով իր իսկ կողմից ժամանակին հնչեցրած խոստումները: