Ծիծեռնակաբերդը մորս համար որպես իր ծնողների գերեզման էր. Տիգրան Մանսուրյան
ОбществоՊետք է դիմադրենք այնքան, որ «թուրք» բառը մեզ համար ածականից դառնա գոյական: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարեց կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը:
Տիգրան Մանսուրյանը` խոսելով ցեղասպանությունից փրկված ընտանիքի մասին, նշեց, որ իր մայրը հայտնվել է որբանոցում՝ գաղթի ճանապարհին կորցնելով իր քրոջը:
«Մայրիկիս հորը թուրքերն այրել են մարագի մեջ՝ այլ հայ տղամարդկանց հետ միասին: Մորս ընտանիքից փրկվել է միայն նրա եղբայրը, իսկ տատը հասել է Հալեպ ու այնտեղ մահացել: Սա մեր ընտանիքի փաստագրությունն է: Մայրս Լենինգրադյան փողոցում էր ապրում: Հաճախ երեխաներից մեկի ձեռքը բռնած, սովորական օրերին վարդերի փունջը ձեռքին գալիս էր այստեղ: Ծիծեռնակաբերդն իր համար որպես իր ծնողների գերեզման էր՝ ծաղիկ դնելու, և ես շարունակում եմ նույնը»,-ասաց Մանսուրյանը:
Նրա խոսքով` միանգամայն համաձայն է, որ մինչև պետություն չդառնանք՝ ուժ չդառնանք, մեզ հետ հաշվի չեն նստի այլ պետությունները: Հարցին, թե մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունն արդարացրե՞լ է նրա սպասելիքները, Տիգրան Մանսուրյանն ասաց. «Հարցեր կան, որ արդարացվել են, հարցեր կան՝ ոչ: Դրանք մեկ տարվա բան չեն, առհասարակ՝ կարճ ժամանակի բան չէ»,-եզրափակեց Տիգրան Մանսուրյանը: