ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի անդրադարձը՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը
SportԿոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ուզում է ՀԱՕԿ-ից հետ վերցնել Ծաղկաձորի ճոպանուղին: Նրան պատասխանում է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
-Պրն․ Ռոստոմյան Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը օրերս ասել է, որ առաջիկայում փաթեթ է ներկայացնելու կառավարությանը՝ Ծաղկաձորի ճոպանուղին ՀԱՕԿ-ից հետ վերցնելու առնչությամբ։ Ծանո՞թ եք այս հայտարարությանը:
-Իհարկե՛, ծանոթ եմ Կոտայքի մարզպետի տվյալ հայտարարությանը, բայց պետք է նշեմ՝ մարզպետը շատ լավ տեղյակ է, որ ճոպանուղու անմիջական կառավարումը չի իրականացնում ՀԱՕԿ-ը, այն տրված է մասնավոր կազմակերպության կառավարմանը: Եվ, եթե Կոտայքի մարզպետը ճոպանուղու հետ կապված որևէ թերացում էր նկատել, ապա նա կարող էր պարզապես դիմել տվյալ կազմակերպությանը, և, վստահաբար, խնդիրը անմիջապես կշտկվեր:
Այլապես այն, ինչ այժմ պատրաստվում է անել Կոտայքի մարզպետը, դա ուղղակի փորձ է՝ պետական մարմնի կողմից որոշակի ազդեցություն և միջամտություն ունենալ ՀԱՕԿ-ի՝ որպես հասարակական կազմակերպության բնականոն գործունեության վրա: Այս տարիների ընթացքում պրն․ Ծառուկյանի կողմից ահռելի ներդրումներ են կատարվել, որպեսզի Ծաղկաձորի ճոպանուղին գործի միջազգային ստանդարտներին համապատասխան՝ ապահովելով և՛ հայաստանցի, և՛ իրենց մարզումները Ծաղկաձորում անցկացնող միջազգային մարզիկների, և թե՛ զբոսաշրջիկների անվտանգությունը։