ՊՎԾ պաշտոնյան ազատ արձակվեց ՔԿՀ-ից․ դատախազությունը բողոքարկել է դատարանի որոշումը
ПравоՊետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանն այսօր առավոտյան ազատ է արձակվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Նշենք, որ օրերս Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը: Նրա նկատմամբ նախաքննության սկզբում ընտրված երկամսյա կալանքի ժամկետը լրացել է այսօր՝ ապրիլի 25-ին:
Սակայն այսօր Գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանի կալանավորումը չերկարացնելու մասին դատարանի որոշումը և բողոքն արդեն մուտքագրվել է դատարան։
Հիշեցնենք, որ 2019 թ. փետրվարի 27-ին պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանին և նրա ղեկավարած վարչության աշխատակից Գևորգ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը)։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ «Զորաշեն» ՍՊԸ–ի ներակայացուցիչ Տարոն Ավետիսյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու եւ փաստաթղթեր կեղծելու համար։ Երեքի նկատմամբ էլ դատարանը, որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։ Ավելի ուշ Գևորգ Խաչատրյանի նկատմամաբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ: Գործի շրջանակներում ապրիլի 18-ին մեղադրանք է առաջադրվել Դավիթ Սանասարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Սոնա Հարությունյան