ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքի էջի ուղիղ եթերում անդրադարձել է իր այն հայտարարությանը, որ հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է ավելի քան 50.000 աշխատատեղ: Նա ընդհանուր ներկայացրել է, թե որ ոլորտներում որքան աշխատատեղ է ավելացել․ «Ես հասկանում եմ, որ 50 հազար աշխատատեղի մասին մեր ներկայացրած թիվը մեկնաբանությունների տեղիք տվեց, որովհետև, ըստ էության, կարող է ֆանտաստիկայի ժանրից թվալ, սակայն այս ֆանտաստիկան այսօր Հայաստանում իրականություն է, և դա շատ լավ է»,- ասել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ պրոցեսը կշարունակվի:
ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանն, անդրադառնալով վարչապետի ներկայացրած տվյալներին՝ նշեց, որ նա ընդամենը ցուցանիշներ է նշել` համեմատելով այս և նախորդ տարվա ցուցանիշները․ «Հետևաբար, վերջնական կարծիք հայտնելու համար պետք է հրապարակվի այդ տեղեկանքը, որպեսզի տեսնենք՝ ինչի մասին է խոսքը։ Հիմա շուտ է կարծիք հայտնելու համար։ Թող հրապարակեն տեղեկանքը, որպեսզի երևա, թե այդ աշխատատեղերը որ ոլորտներում են և մասնագետները համեմատություններ անեն։ Առանձին ոլորտների մասով կա տեղեկատվություն և կարող ենք ճշտել՝ տվյալ ոլորտում որքան աշխատող կա և իր հրապարակած տեղեկանքի թիվը որքան է, և համապատասխանո՞ւմ են դրանք իրար, թե՝ ոչ»,- նշեց տնտեսագետը։
Վարչապետը հայտարարեց, որ ոչ թե աշխատատեղեր են ստեղծվել, այլ դրանք հեղափոխությունից հետո ուղղակի ստվերից են դուրս բերվել։ Տնտեսագետը նշեց, որ համամիտ է կարծիքի հետ, որ աշխատատեղի ստեղծումը ավելի շատ հեղափոխության հետևանք է, քան կառավարության գործունեության․ «Կոնկրետ տեքստիլ ոլորտում ակնհայտ է, որ տեղի է ունեցել ստվերի բացահայտում, որովհետև առանձին օլիգարխներ տեքստիլ ոլորտում տարիներ շարունակ իրենց աշխատակիցներին չէին գրանցել, իսկ հիմա գրանցել են։ Իսկ առանձին ոլորտների մասով անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկատվություն և համեմատություններ անելու համար անհրաժեշտ է տեղեկանքը»,- ասաց Պարսյանը։
Ըստ տնտեսագետի՝ եթե վարչապետի ներկայացրած ցուցանիշները համապատասխանում են իրականությանը, ապա դա վարչարարության հետևանք է, քանի որ հարկային վարչարարության միջոցով ստվերային աշխատատեղերը եկել են օրինական դաշտ։
Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2018թ. ապրիլին Հայաստանում հայտարարագրված է եղել ավելի քան 538,3 հազար աշխատատեղ։ Նույն տարվա հունվարի համեմատ կամ մինչև իշխանափոխություն՝ աշխատատեղերի քանակն ավելացել է 28,7 հազարով։
Հասկանալու համար, թե քանի աշխատատեղ է ավելացել իշխանափոխությունից հետո հարկավոր է, որպեսզի 2019թ. հունվարին գրանցված աշխատատեղերի թվից` 560,6 հազարից, հանենք անցած տարվա ապրիլին գրանցված աշխատատեղերի թիվը` 538,3 հազարը։ Կստացվի, որ իշխանափոխությունից հետո կամ մայիսից մինչև այս տարվա հունվար Հայաստանում գրանցված աշխատատեղերն ավելացել են 22,3 հազարով։ Սա ավելի քան 6 հազարով պակաս է փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում գրանցված աշխատատեղերի քանակից։
Եթե խոսքն այս ցուցանիշների մասին է, ապա այստեղ վարչապետը հպարտանալու քիչ առիթ ունի։