Ինչով է պայմանավորված բնակարանների թանկացումը՝ ըստ իմքայլական պատգամավորի
Political«Կարծում եմ, որ բնակարանների գների թանկացումը պայմանավորված է դրանց պահանջարկով»- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը:
Նրա խոսքով` երբ մարդկանց բարեկեցությունը բարձրանում է, նրանք ոչ միայն առաջին անհրաժեշտության պարագաներ են գնում, այլև կապիտալ բնույթի իրեր, այդ թվում՝ բնակարաններ: Պատգամավորը նշեց, որ գնային աճի ցուցանիշը և՛ Հայաստանի բնակիչների պահանջարկի արդյունք է, և՛ սփյուռքի մեր հայրենակիցների, ովքեր հայրենիքի նկատմամբ հույս ու հավատ ունեն և վերադարձի համար բնակարաններ են գնում:
Հարցին, թե արդյո՞ք այդ մեխանիզմը նաև մարզերին է վերաբերում, որովհետև բացի մայրաքաղաքից, մարզերի բնակարանների պարագայում ևս գնային աճ է նկատվում, պատգամավորը պատասխանեց.
«Այստեղ գործում է նաև սպասումների գործոնը: Երբ մարդը հույսեր է կապում իր պետության հետ, դա հանգեցնում է նրան, որ բնակարանաշինության պահանջարկը մեծանում է, և, բնականաբար, գինը ևս: Տեղը կապ չունի»
Հարցին՝ արդյո՞ք բնակարանների թանկացումը չի ազդի բանկերի միջոցով բնակարան գնելիս, թե՞, այնուամենայնիվ, երիտասարդ ընտանիքների համար գոնե կգործի նվազագույն տոկոսներ` ինչպես խոստացել էր վարչապետը հեղափոխությունից առաջ, Եղիշե Սողոմոնյանը պատասխանեց. «Դիտումները ցույց են տվել, որ վարկային շուկայի հետ մրցունակությունը հակառակ արդյունքին է բերում` տոկոսադրույքների նվազեցման: Ես կարծում եմ, որ վարկային շուկայում տոկոսադրույքները չեն թանկանա, իսկ արժեգույքի շուկան մրցակցային շուկա է և պահանջարկ, առաջարկ և այլն, կարգավորվում է հենց մրցակցային կանոններով: Պետական մարմիններն այստեղ որևէ առնչություն կամ ազդեցություն չեն կարող ունենալ. իրենց գործողությունները զուտ կարող են ազդել գնի վրա: Եթե կառավարությունը լավ է աշխատում, դա բերում է նրան, որ գույքի գինը շուկայում բարձրանա, իսկ եթե վատ է աշխատում, սպասումները վատ է լինում` լինում է հակառակ պրոցեսը»:
Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ