«Սպայկա»-ն լուրջ խնդիրներ ունի
EconomyԻնչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատարանն այսօր մերժեց «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանին գրավի դիմաց ազատ արձակելու՝ պաշտպանների միջնորդությունը։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Սպայկա» ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանն, անդրադառնալով Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու դատարանի որոշմանը՝ նշեց․ «Որևէ գնահատական չեմ կարող տալ, առաջիկայում փաստաբանները մամուլի ասուլիս են հրավիրելու, որի ժամանակ կտան բոլոր հարցերի պատասխանները։ Ես հիմա զբաղվում եմ ընկերության ընթացիկ աշխատանքների կազմակերպմամբ։ Այս ամենը ծանր հետևանքներ ունի ընկերության համար և հայտնվել ենք դժվար իրավիճակի մեջ։ Այս պրոցեսին լուրջ հետևում են նաև մեր արտասահմանյան գործընկեր բանկերը, ու իրենք մի շարք գործողություններ են սկսելու, որը կարող է կաթվածահար անել ընկերության աշխատանքը։ Մեր խնդիրը սրա մեջ է։ Մենք հսկայական վնասներ ենք կրել ու մտավախություն ունենք, որ մեր գործընկերներն ուղղակի կսկսեն որոշակի գործողություններ կատարել, որպեսզի իրենց վարկերի գրավների ապահովում ունենան»,-ասաց նա։
Կարեն Բաղդասարյանը համաձայն չէ դատարանի այն պնդմանը, թե Դավիթ Ղազարյանի ազատության մեջ գտնվելը կարող է խոչընդոտել գործի քննությանը․ «Չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս կարող է խոչընդոտել, երբեք նման բան չի եղել»,-նշեց ընկերության զարգացման գծով տնօրենը։
Դատարանի որոշումից հետո Ղազարյանի պաշտպանական թիմի անդամ Արսեն Սարդարյանը հայտարարեց․ «Չանձնավորելով որևէ դատավորի կամ վարույթ իրականացնող մարմնի՝ անձնավորված որևէ վիրավորանք չենք ուզում ասել, այնուամենայնիվ, այս որոշումը մենք գնահատում ենք որպես գործարարից գումար կորզելու մեխանիզմ»։ Հարցին՝ համաձա՞յն է փաստաբանի հայտարարությանը, արդյոք նման միտում տեսնո՞ւմ է, թե ոչ՝ «Սպայկա» ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը չցանկացավ մեկնաբանել։
Հնարավո՞ր է՝ դատարանի որոշումներով պայմանավորված՝ ընկերության աշխատակիցները դուրս գան փողոց՝ պահանջելով տնօրենի ազատ արձակումը հարցին ի պատասխան՝ Բաղդասարյանն ասաց․ «Դա ընկերության տնօրինություն չէ, որ որոշում է, եթե լինեն ինքնաբուխ ակցիաներ, դա անելու են աշխատակիցները, մենք որևէ կերպ ոչ նպաստում, ոչ խոչընդոտում ենք դրան։ Աշխատակիցները շատ մտահոգված ու հիասթափված են»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ ըստ ՊԵԿ-ի հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 դրամի մաքսատուրք և հարկ։
Սոնա Հարությունյան