Սկանդալային գրառումները հիմք կլինե՞ն աշխատանքից ազատման
PoliticalԱջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը 1 ամսով արձակուրդ է ձևակերպել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը։
Նա նշեց, որ Մանուկյանն արձակուրդ գնալու դիմում գրել է ֆեյսբուքում արած հայտնի գրառումներից հետո՝ հանգստի գնալու պատճառաբանությամբ։
Հարցին՝ Արամ Մանուկյանի կողմից արված սկանդալային գրառումները կարո՞ղ են հիմք լինել նրան աշխատանքից ազատելու համար, Բաբայանը բացասական պատասխան տվեց․ «Իհա՛րկե ոչ»։
Հիշեցնենք՝ սրանից գրեթե մեկ ամիս առաջ նման մի գրառում էլ արել էր վարչական շրջանի ղեկավարի վերաբերյալ՝ նշելով, որ չի ցանկանում աշխատել «անթասիբ և անինքնասեր թաղապետի տեղակալ» (թեեւ հետո պատճառաբանել էր, թե իր հեռախոսը գողացել են և գրառման հեղինակն ինքը չէ)։ Հետաքրքրվեցինք՝ այսքանից հետո արդյո՞ք կասկածելի չէ իր տեղակալի վարքագիծը՝ ինչին ի պատասխան Բաբայանն այսպես ասաց․ «Ես պարոն Մանուկյանի ֆեյսբուքյան էջին չեմ հետևում և այնտեղ կատարված գրառումներն ինձ չեն հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում են, պարոն Մանուկյանի աշխատանքային դրսևորումները, իսկ աշխատանքում իրեն շատ լավ է դրսևորում»։
Հիշեցնենք, որ օրերս Արամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում մի քանի րոպե հաճախականությամբ բազմաթիվ գրառումներ էր կատարել իր աշխատանքի, ԱԱԾ գործելաոճի ինչպես նաև հեղափոխության ու ներկայիս իշխանության վերաբերյալ՝ հակակրանք դրսևորելով վերջիններիս նկատմամբ։
Նրա գրառումները հիմնականում ի պաշտպանություն Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանի էին և դեմ՝ ԱԱԾ-ին։ «Թե բա վիդեո կա, ԱԱԾ-ն յուղ ա վառում, Բա էդ պահին բռնեիք։ Հիմար կառույց ա, սաղ հանցագործները իրենց հաճույքով փողերը ծախսում են։ Հ. Գ. Վանեցյան, ջեբս բան չքցես, չի անցնի»,- գրել է նա։
Սակայն գրառումներից հետո Արամ Մանուկյանը փակել է ֆեյսբուքի էջն ու անհետացել։ Հաջորդ օրը մեզ հետ զրույցում վարչական շրջանի աշխատակիցներից տեղեկացրին, որ աշխատանքի չի գնացել։
Սոնա Հարությունյան