Ովքեր են ՍԴ դատավորի թեկնածուները. Վահե Գրիգորյանը կրկին առաջադրվել է
ПолитическиеՍահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրված թեկնածուները 9-ն են: Նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարականով հայտարարված Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի մրցույթի վերջնաժամկետն այսօր է՝ մայիսի 3-ին:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը տեղեկացրեց՝ թեկնածուներն են՝ Վահե Գրիգորյանը (առաջադրվում է արդեն 3-րդ անգամ), Մարտին Մանուկյանը, Գևորգ Մուրադյանը, Կարեն Կարապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը և Արթուր Վաղարշյանը։ Մյուս 3 թեկնածուն ցանկացել են գաղտնի մնալ։
Մինչև մայիսի 15-ը Արմեն Սարգսյանը անհատական զրույցներ կունենա ՍԴ դատավորի թեկնածության համար դիմած, ինչպես նաև իր կողմից առաջարկված այլ հավանական հավակնորդների հետ:
Նշենք, որ ՍԴ դատավորի ընտրությունն արդեն 4-րդ անգամ է անցկացվում, քանի որ տարբեր պատճառներով չէին ընտրվում առաջադրված թեկնածուները։ Ապրիլի 16-ին էլ տեղի ունեցած ընտրության ժամանակ խորհրդարանը ՍԴ անդամի պաշտոնում չընտրեց Նախագահի կողմից առաջադրված թեկնածու Գոռ Հովհաննիսյանին։
Ավելի ուշ՝ ապրիլի 18-ին, նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր կարգադրություն՝ ՍԴ դատավորի նոր ընտրության մասին: