Ռոբերտ Քոչարյանի և մյուս պաշտոնյաների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց
ԻրավունքՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործը քննող դատավոր Վարդան Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել:
Այս մասին ասաց ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը:
«Այո, դատավորն ինքնաբացարկ է հայտնել, այժմ էլ գործը հանձնվել է դատարանի գրասենյակ, որպեսզի էլեկտրոնային համակարգով, պատահականության սկզբունքով վերամակագրվի մեկ այլ դատավորի: Թե ինչ պատճառներով է ինքնաբացարկ հայտնել՝ տեղյակ չեմ, բավարար ինֆորմացիայի չեմ տիրապետում»,- նշեց Խաչատրյանը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն էլ նշեց, որ իրենք դեռևս որոշումը չեն ստացել, ԶԼՄ-ներից են իմացել այդ տեղեկությունը: Պաշտպանն ընդգծեց, որ Գրիգորյանն իրավունք չուներ առանց մեղադրյալների խափանման միջոցների հարցը լուծելու ինքնաբացարկ հայտնել, իսկ խափանման միջոցի հարցը դատավորը չէր կարող լուծել առանց կողմերի մասնակցության:
2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էին կալանավորման որոշումը: