Պատգամավորը չի կարող ասել՝ գազը կթանկանա, թե ոչ, բայց ճիշտ գին կլինի
Economy«Գազի գնի հետ կապված բանակցություններում հարցեր կան, որոնք պարզաբանումների կարիք ունեն, այդ պատճառով բանակցությունները երկարում են»: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Աժ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովիկ Աղազարյանը:
Պատգամավորը վստահեցրեց` բանակցություններում խնդիր չկա, պարզապես լայնածավալ քննարկում պահանջող հարցեր են: Հարցին, թե ըստ նրա՝ բանակցությունների արդյունքը որքանո՞վ գոհացուցիչ կլինի Հայաստանի համար, պատգամավորը պատասխանեց. «Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն այն մակարդակի վրա են, որ գազի գինը պիտի լինի այդ հարաբերություններին համահունչ և տրամաբանության սահմաններում: Հիմնականում բանակցությունները տարվում են հենց այդ շրջանակներում, որպեսզի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում լինելու համգամանքը և երկու երկրների հարաբերությունների խորությունը արտացոլված լինի նաև տնտեսական հարաբերություններում»,-ասաց Հովիկ Աղազարյանը:
Ամփոփելով իր խոսքը, պատգամավորը վստահեցրեց` կարող ենք լիահույս լինել, որ գազի գինը լինելու է հիմնավորված: Նրա խոսքով` չի կարող ասել՝ կթանկանա, թե ոչ, բայց որ կլինի ճիշտ գինը` հաստատ է: