Քաղաքական գործիչները «Ամրակապվիր» հեշթեգով միացել են ֆլեշմոբին
SocietyՃանապարհային անվտանգության գլոբալ շաբաթի շրջանակներում ՀՀ քաղաքական գործիչները ֆեյսբուքում ֆլեշմոբ են իրականացնում՝ հրապարակելով ավտոմեքենաներում իրենց ամրակապված լուսանկարները։
Ֆլեշմոբին միացած ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում կիսվել է համապատասխան լուսանկարով և կից գրել․
«Սկսում ենք մի շատ կարևոր և հետաքրքիր ֆլեշմոբ՝ «Ճանապարհային անվտանգության գլոբալ շաբաթ»-ի շրջանակներում։
Կիսվում ենք մեր ամրակապված նկարներով։ Հուսով եմ տեսնել հայկական ֆեյսբուքի բոլոր երթևեկող օգտատերերի ամրակապված նկարները»,-գրել է նախարարը։
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ հարությունյանը ևս ֆլեշմոբի մասնակիցներից է։ Նախարարը «Ամրակապվիր» հեշթեգով լուսանկար է հրապարակել և գրել․
«Անվտանգ դարձնենք երթևեկելը»։
ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ևս կողմ է անվտանգ երթևեկությանը։
«Անվտանգությունն առաջնային է» կարգախոսով ֆլեշմոբին է միացել իմքայլական պատգամավոր Արմեն Փամբուխչյանը:
Իմքայլական մեկ այլ պատգամավոր՝ Վահագն Թևոսյանը, իր ֆեյսբուքյան էջում լուսանկարին կից գրել է․
«Դեռ մի ամիս առաջ GG-ից խնդրեցի, որ վարորդներին խնդրեն, որ ուղևորներին խնդրեն, որ ուղևորներն ամրակապվեն: Շատ կտրուկ դիմադրության հանդիպեցի, համարյա վիրավորանքի հասնող: Իհարկե հարթեցինք, բայց խնդիրը դեռ կա: Էսօր, ի ուրախություն ինձ, Utaxi-ի վարորդն ինձ մոտեցավ ամրակապված»։
ԱԺ «ԲՀԿ» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ պետք է արմատավորենք ամրագոտի կապելու մշակույթը։
«Յուրաքանչյուր տարի ողջ աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահանում է 1 մլն 171 հազար մարդ: Համաձայն վիճակագրական տվյալների` վթարների գլխավոր պատճառներն անփոփոխ են` արագության սահմանափակման գերազանցումը, անսթափ վիճակում մեքենայի վարումն ու վարելու ժամանակ ամրագոտի չկապելը:
Չնայած բազմաթիվ հորդորներին՝ գրեթե ամեն օր Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ վարորդներ տուգանվում են ամրագոտի չկապելու համար։ Իսկ վիճակագրությունը փաստում է, որ ամրագոտու կիրառումը մինչեւ 80% նվազեցնում է վթարներում մահվան ելքով դեպքերի եւ վնասվածքների թիվը։ Մենք պետք է արմատավորենք «ամրագոտի կապելու մշակույթը»»,-գրել է Զոհրաբյանը։
Իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը «Փրկվիր», «Անվտանգ ճանապարհ» հեշթեգերով ֆլեշմոբի մասնակիցներից է։