Ֆերնանդո Վալենսուլան արտահայտվել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցի շուրջ երկխոսության գործընթացի մեկնարկի օգտին
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը, հանձնաժողովի անդամ Արման Բաբաջանյանը, ՀՀ ԱԺ Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Սոս Ավետիսյանը մայիսի 7-ին հանդիպել են Իսպանիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ֆերնանդո Վալենսուելայի գլխավորած պատվիրակության հետ:
Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին` հանձնաժողովի նախագահը խոսել է հայ-իսպանական բարիդրացիական հարաբերությունների մասին, կարեւորել երկու պետությունների միջխորհրդարանական կապերի զարգացումը: Անդրադարձ է կատարվել միջազգային խորհրդարանական կազմակերպություններում փոխգործակցությանը:
Խոսելով ԵՄ անդամ երկրների կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի մասին` Ֆերնանդո Վալենսուելան վստահեցրել է, որ Իսպանիայի կողմից փաստաթուղթը եւս շուտով կվավերացվի:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը` հանձնաժողովի նախագահը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները, խոսել Արցախի` որպես բանակցային կողմ ներգրավվելու անհրաժեշտության մասին:
Ռուբեն Ռուբինյանը անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորությանը` ընդգծելով, որ Իսպանիան այն դեռեւս չի ճանաչել:
Որպես ԵՄ անդամ երկրի ներկայացուցիչ` Իսպանիայի ԱԳՆ պետքարտուղարն արտահայտվել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցի շուրջ երկխոսության գործընթացի մեկնարկի օգտին:
Հայ խորհրդարանականները խոսել են մի շարք ոլորտներում հայ-իսպանական համագործակցության հնարավորություններից: