Որպեսզի ճաք չտա. Փաշինյանը թիմին ֆինանսապես է մոտիվացնում
Վերլուծական
Ինչպես գիտենք, ժամանակին Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով ՊԵԿ-ում աղմկահարույց պարգևատրումներին, հայտարարեց, որ դրա մեջ որևէ սխալ կամ վատ բան չի տեսնում: Այնուհետև աչքի ընկան մարզպետները և, ընդ որում, դեռ շարունակում են աչքի ընկնել՝ գրեթե յուրաքանչյուր ամիս հարյուր հազարավոր դրամների ինքնապարգևատրումներ դուրս գրելով: Մարզպետներին դուխ տալուց հետո Փաշինյանը հիմա էլ արդարացնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ վերջինիս հասցեին հնչեցնելով գովասանքի խոսքեր և նշելով, որ նորմալ է, երբ երևանցիների գրպանից 58 միլիոն դրամ է հատկացվում քաղաքապետի և թաղապետերի քմահաճույքների բավարարմանը:
ՊԵԿ-ի դեպքում հասկանալի է. այս կառույցը ջանք չի խնայում Փաշինյանի համար գեղեցիկ թվեր նկարելու հարցում, հետևաբար, ինչպես ասում են՝ արժանի են: Ինչ վերաբերում է մարզպետներին, քաղաքապետներին և թաղապետներին, ապա նրանք հենց կազմում են ՏԻՄ-ը՝ իշխանության կայունության տեսանկյունից միջին, առանցքային օղակը, որը, ըստ երևույթին, Փաշինյանը փորձում է ֆինանսապես մոտիվացնել, միևնույն ժամանակ՝ նաև վարձահատույց լինել մատուցած ծառայությունների դիմաց:
Նույն մարզպետներն այսօր ջանք ու եռանդ չեն խնայում բոլոր օրինական և ոչ օրինական միջոցներով ազատվելու նախկին համակարգը ներկայացնող գյուղապետներից, տնօրեններից և համալրել այդ շարքերը յուրայիններով: Այս պարագայում, ըստ Փաշինյանի, արդարացված է, որ պաշտոնյաները իրենց անտեսված չզգան: Ստացվում է՝ Փաշինյանի իշխանության հիմքն էլ ոչ թե գաղափարն է, այլ փողը՝ ինչպես ՀՀԿ-ի դեպքում: Քանի որ մեկ տարվա ընթացքում չի ստացվել թիմին համախմբել գաղափարի շուրջ, այսօր Փաշինյանն այս հարցում էլ գնում է ՀՀԿ-ի տրորած արահետով՝ պարզապես ֆինանսապես խրախուսելով իրեն ծառայող չինովնիկներին…