Ոչ թե 8, այլ 6. ԱՆ խոսնակը՝ ակնաբուժական կենտրոնում ստեղծված վիճակի մասին
ԲլոգոսֆերաՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում հերքել է լուրերն առ այն, որ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում հիվանդների տեսողությունը կորել է դեղորայքային միջամտությունից հետո։ Նա, մասնավորապես գրել է․
«Թարմացում 1*
Պացիենտների մոտ ախտորոշվել է հետսրսկումային ինֆեկցիոն ախտահարում։ Վերջիններս վիրաատվել են։
Թարմացում 2*
Դեղորայքային միջամտություն է արվել, որից հետո պացիենտները դիմել են գանգատով։ Պարզվում է դրա պատճառահետևանքային կապերը։
Հերքվել է տեսողությունը կորցնելու փաստը
Առողջապահության նախարարությունը տեղյակ է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպից։
Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ տեղակալ Լևոն Հակոբյանն այցելել է կենտրոն և տեղում ծանոթացել իրավիճակին։ Վերջինս հանդիպել է պացիենտներից մեկին, խոսել է բուժող բժշկի և բաժանմունքի վարիչի հետ՝ նրանք հերքել են կուրության փաստը։
Պետք է նշել, որ հիվանդների թիվը ոչ թե ութ, այլ վեց է։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն և վերջիններիս առողջությանը վտանգ չի սպառնում։
Կենտրոն են այցելել նաև դեղերի փորձագիտական կենտրոնի և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետները՝ պարզելու մանրամասները։
Հանձնարարվել է օպերատիվ կերպով ներկայացնել արդյունքները, միաժամանակ կենտրոնից պահանջվել է զեկուցագիր՝ տեղի ունեցածի վերաբերյալ»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մալայանի անվան աչքի կլինիկայում սկանդալային իրավիճակ է ստեղծվել։
«Նատալի ֆարմ» ընկերությունից ստացված դեղամիջոց է ներարկվել թվով 8 հիվանդի, որոնք հաջորդ օրն արթնացել են գրեթե կուրացած։