Այո՛, նաև Շիրակի մարզի դատախազը, նաև Արարատի դատախազը իմ սանիկներն են. Արթուր Դավթյան
Политические«Այո՛, ես համակարգում ունեմ բազում ընկերներ՝ սկսած ուսանողական տարիներից, մարդիկ, որոնց հետ ուսանող ժամանակներից կարող ենք նաև քավոր-սանիկ հարաբերություն ձևավորել, դա ինձ համար շատ պատվաբեր է, սուրբ հարաբերություններ են՝ մեր ավանդույթներով ձևավորված»,-այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Անդրադառնալով նիստի ընթացքում իրեն ուղղված քննադատություններին և «շեյխական» վիճակին՝ անձնական վերելակով աշխատասենյակ մտնելուց մինչև կես միլիոն դոլարանոց առանձնատան և սանիկներին պաշտոններ տալու հարցերին, գլխավոր դատախազը նկատեց․ «Նախ, թվարկված անձինք բոլորը չէ, որ իմ հետ բարեկամական կապի մեջ են, բայց ես դա չեմ կարևորում: Ինձ համար էականն այն է, որ իմ սանիկը լինելը ո′չ էդ մարդկանց որևէ պաշտոնական առաջխաղացման, ո′չ պարտականությունների կատարման ծավալի վրա ազդեցություն չի ունեցել»,-ասաց Արթուր Դավթյանը։
Դիտարկմանը, թե Շիրակի դատախազը, որը ևս նրա սանիկն է, պաշտոն է ստացել իր գլխավոր դատախազ դառնալուց հետո, Արթուր Դավթյանը արձագանքեց․ «Այո՛, նաև Շիրակի մարզի դատախազը, նաև Արարատի մարզի դատախազը իմ սանիկներն են, բայց ասում եմ՝ այդ փաստը որևէ ազդեցություն չի ունեցել։ Թեև ազդեցություն վստահորեն ունեցել են հետևյալ կերպ՝ էդ մարդիկ մյուսներից ավելի շատ են պարտավոր աշխատել, մյուսներից ավելի շատ են պարտավոր բարեխիղճ աշխատել»,-ընդգծեց Դավթյանը։
Արձագանքելով մեկ այլ դիտարկման, թե այստեղ կա՞ շահերի բախում, քանի որ իրենց վերադասի հետ քավոր-սանիկ հարաբերությունների մեջ են, Արթուր Դավթյանն ասաց․ «Շահերի բախման խնդիր այստեղ չկա: Այն պարագայում, երբ որ ես նշանակում եմ տվյալ մարդուն, միակ չափանիշը նրա մասնագիտական և որակական պատրաստվածությունն է, իսկ հետագա աշխատանքում, վստահեցնում եմ ձեզ, դա միայն նպաստում է ավելի շատ, ավելի բարեխիղճ աշխատելուն, ավելի պատասխանատու լինելուն»,-եզրափակեց նա։