Ինչպես մարզպետները հերքեցին Փաշինյանին
AnalyticalՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում իր պաշտոնավարման մեկ տարվա առթիվ՝ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր մարզպետների պարգեւատրումներին, ինչպես նաեւ՝ ուսուցիչների եւ զինվորականների աշխատավարձի բարձրացմանը: «Փոխանակ ուրախանան, որ կա մարզպետ, որ այդ 400 հազարի կարիքը ունի, չեն հաշվում, որ նախկինում գռփելիս ու թալանելիս են եղել: Ես Դավոսում հետեւում էի լուրերին՝ ամենօրյա ռեժիմով գնդակահարում ու բարոյապես ոչնչացնում էիք մարզպետներին: Հաշվի չեն առնում, որ պետական համակարգը առավոտից իրիկուն գռփելիս է եղել»,- ասել էր Փաշինյանը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալներով փորձեցինք պարզել՝ արդյո՞ք իսկապես այդքան կարիքավոր են Նոր Հայաստանի մարզպետները, ինչպես ջանում է ներկայացնել վարչապետը: Եվ այսպես, ըստ պաշտոնական տվյալների՝ Արարատի մարզպետի՝ ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 700 000 ՀՀ դրամ: Բացի նշվածից, հարկային տարվա սկզբում Գ. Սարգսյանն ունեցել է նաեւ 80 000 ռուբլի: Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները 2018թ. հարկային տարում գոյացել են աշխատավարձից: Եկամուտը կազմել է 3 530 208 ՀՀ դրամ:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտարարագրել է 8,500,000.00 դրամի չափով դրամական միջոց, երկու բնակարան, հասարակական նշանակության շինություն , հողամաս, MERCEDES-BENZ ML 350 ավտոմեքենա, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտն էլ կազմել է 3,500,000.00 դրամ:
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հայտարարագրել է 20,000.00 ԱՄՆ դոլլար և 650,000.00 ՀՀ դրամի չափով դրամական միջոցներ, աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են կազմել են 4,847,048.00 ՀՀ դրամ:
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը իր հերթին հայտարարագրել է 3,100,000.00 ՀՀ դրամ և 5,100.00 ԱՄՆ դոլլարի չափով դրամական միջոցներ: Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են՝ 5,597,480.00 ՀՀ դրամ:
Եվ սրանք ընդամենը մի քանիսն են ՀՀ մարզպետներից, ովքեր ինչպես տեսնում ենք ապրում են ծայրաստիճան աղքատության մեջ՝ հույսները 400 հազար դրամանոց պարգևատրումների վրա դրած: Ըստ էության իրենց իսկ հայտարարագրերով մարզպետները հերքեցին Նիկոլ Փաշինյանի՝ իրենց արդարացնելու համար բերված միակ կիսատ-պռատ փաստարկը...