Նիկոլ Փաշինյանի վերադարձը Սերժ Սարգսյանի «կետին»
АналитическийՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռուսական ՌԲԿ-ին տված հարցազրույցի և ՀՀ ԱԳՆ տարածած վերջին հայտարարության տողատակը հստակ է՝ Հայաստանը ցանկանում է, կամ եթե կուզեք՝ առաջարկում է վերադառնալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգերին: Ինչպես նկատում ենք, վերջին ամիսներին իշխանություններին ուղղված քննադատությունները, որ անտեսվում են, հրադադարի վերաբերյալ 1994-95թթ. հայկական կողմի համար նպաստավոր փաստաթղթերը, իշխանությունները կարծես, սկսել են կարևորել:
Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը Արցախի խնդրի բանակցությունները սկսել է ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իր սեփական կետից: Սեփական կետ ունենալու համար պետք է ունենալ հստակ դիրքորոշում, ինչը նաև պետք է հասարակությանը հայտնի լինի: Մինչ օրս Փաշինյանի «կետը» սկսվում և ավարտվում էր Արցախը բանակցային կողմ դարձնելու ձգտումով, ինչը, սակայն, Ալիևի հետ բանակցություններում այդպես էլ չիրականացավ: Մենք նույնիսկ չգիտենք, թե որն է Փաշինյանի օրակարգը, ինչի՞ մասին է խոսվել վերելակային հանդիպման ընթացքում, կամ նույն Վիեննայում, ի՞նչ մարդասիրական նախաձեռնությունների մասին է խոսքը և ո՞ւր են այդ նախաձեռնությունները: Փաշինյանը չի բացառում Արցախի հարցով հանրաքվեի անցկացումը, սակայն ի՞նչ մեխանիզմով է այն անցկացվելու և ի՞նչ սկզբունքներ են դրվելու այդ հանրաքվեի օրակարգում: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը մենք չունենք:
Սակայն ուշագրավ է, որ Հայաստան՝ ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պատվիրակության այցը, ինչպես նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ Փաշինյանի անձնական շփումները ստիպեցին պաշտոնական Երևանին փոխել դիրքորոշումը: Ինչպես երևում է, Փաշինյանի կետը մերժվել է: ԱԳՆ-ի հայտարարությունում շեշտադրվում են նաև 2016-ին Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ դա վերադարձ է Սերժ Սարգսյանի կետին, այն կետին, որից Փաշինյանն այդքան հրաժարվում էր, և որի շուրջ բանակցելու համար քննադատվում էր Սարգսյանը…