Այն ժամանակ «բարևի» համար մարդ էին սպանում, հիմա Հայաստանն ազատ է. իմքայլական պատգամավոր
ОбществоԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Դատական նիստին զուգահեռ, դատարանի մոտ շարունակվում են նիստի մեկնարկից մի քանի ժամ առաջ սկսված բողոքի ակցիաները: Երեկվանից համացանցում` բացասական քննարկումներով շրջանառվում են լուսանկարներ, որտեղ երևում է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ ակցիա իրականացնողների շարքերում կան նաև երեխաներ:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն այս երևույթի համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ ուղղված քննադատությունները ծիծաղելի համարեց` ընդգծելով, որ նույնիսկ մեկնաբանել չի ցանկանա: Անդրադառնալով երեխաների՝ ցուցարարների մեջ հայտնվելուն, պատգամավորը նկատեց. «Լինեմ իշխանական ուժի, թե ընդդիմադիր ուժի քաղաքական գործիչ, միևնույնն է, ես ճիշտ չեմ համարում երեխաների ներգրավվածությունը բողոքի ակցիաներին` հատկապես նման լուրջ ընթացքներին: Որքանով ինձ հայտնի է՝ երեխաներին ոչ ոք չի ներգրավել, նրանք այդ փողոցի երեխաներն են եղել և եկել-միացել են: Ամեն դեպքում՝ դա լավ չի, չի՛ կարելի:
Ես ուզում եմ հանուն արդարության ասել, որ երեխաներն օգտագործվում էին երկու կողմից էլ: Այսինքն, եթե այս կողմում երեխաները փողոցից եկել և միացել են, ապա, եթե Ռոբերտ Քոչարյանի գրքերի ակցիաները հիշում եք` երեխաների ձեռքներից բռնած գնում էին: Ամեն դեպքում, ես ոչ մի պարագայում ճիշտ չեմ համարում երեխաների մասնակցությունը»,-ասաց պատգամավորը: Հարցին, թե դատարանի դիմաց իրականացվող երկկողմ բողոքի ակցիաները, «Ազատություն Քոչարյանին» վանկարկումները որքանով է խելամիտ համարում, Քրիստինե Պողոսյանը պատասխանեց. «Հայաստանն ազատ երկիր է ի տարբերություն այն ժամանակաշրջանի, երբ Ռոբերտ Քոչարյանն էր երկրի նախագահը և երբ պաստառների, վանկարկումների կամ բարևի համար մարդ էին սպանում: Սա ազատ երկիր է, մարդիկ ազատ են իրենց կարծիքը, բողոքը և դիրքորոշումը արտահայտելու համար: Քաղաքական պրոցես է, որն ամբողջ երկրին է վերաբերում և երկու կողմերի դիրքորոշումներին էլ նորմալ եմ վերաբերվում»,-եզրափակեց պատգամավորը:
Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ