Չեմ կարծում, որ կա այնպիսի սպառնալիք, որի համար կարելի է հետ կանգնել այս ամենից. Գասպարի
ОбществоԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի և Ավանի նստավայրի դիմաց դեռ շարունակվում են Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և ընդդիմադիրների ակցիաները։ Երկու կողմերում մասնակիցների թիվը շարունակում է ավելանալ։ Քոչարյանի դեմ պայքարողների թվում են մարտիմեկյան զոհերի հայրերը և ակտիվիստ Վարդգես Գասպարին, որ լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեսանյութերը նայելուց հետո հասկացել է, որ կարծես թե Թարվերդյանն է հարվածել իրեն։
Այն հարցին, թե արդյո՞ք Գասպարին չի վախենում, որ իրեն կրկին կվնասեն, նա պատասխանեց. «Ի՞նչ պետք է անեն։ Չեմ կարծում, որ կա այնպիսի սպառնալիք, որի համար կարելի է հետ կանգնել այս ամենից։ Մեր պարտքն է՝ արդարության վերականգնման համար ավելի ակտիվ մասնակցենք»։
Անդրադառնալով իր հետ կատարված միջադեպին՝ Գասպարին ասաց, որ առավոտյան է իմացել, որ գործ է հարուցվել դեպքի առթիվ։ Թե ինչ ակնկալիքներ ունի ակտիվիստը, գործը լիարժեք կբացահայտվի՞ և կքննվի՞, նա ասաց. «Ունենք այն, ինչ ունենք. այն ոստիկանությունը, այն քննչական կոմիտեն, որը ժառանգել ենք։ Չեմ կարծում, որ նրանք այս երեսից այն երես փոխվեցին և սկզբունքային դարձան։ Այս հարցում նույնպես շատ կարևոր է հանրության վերաբերմունքը. ուզում եմ շեշտել, որ սա ածանցյալ հարց է։ Մենք այստեղ հավաքվել ենք Մարտի 1-ի 10 զոհերի, այդ մարդկանց կյանքի իրավունքից զրկելու համար։ Համեմատած այդ ամենի հետ՝ այս միջադեպն ավելի փոքր բան է, քան մարդուն իրավունքից զրկելը»։
Գասպարին հավելեց, որ իր ֆեյսբուքյան էջին շատ մարդիկ են գրում, ասելով, որ վախենում են մասնակցել ակցիային ընդդեմ Քոչարյանի՝ նրանք վախենում են Քոչարյանի աջակիցների վարքագծից։ Գասպարիի խոսքով՝ այս հարցն անչափ մտահոգիչ է, որ նոր Հայաստանում մարդիկ վախենում են բարձրացնել իրենց կարծիքը։
Այս պահին Վարդգես Գասպարին դատարանի դահլիճում է. Ըստ մեր տեղեկությունների՝ այնտեղ է նաև Վաչագան Ֆարմանյանը։