Փոխվարչապետից բացի՝ այսուհետ նախանիստ վարելու իրավունք կունենա նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարը
PoliticalԿառավարությունը՝ մայիսի 16-ի նիստի ժամանակ որոշել է փոփոխություններ անել ՀՀ կառավարության աշխատակարգը հաստատելու մասին որոշման հավելվածում։ Ըստ փոփոխությունների՝ փոխվարչապետերից բացի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարն իրավունք կստանա վարելու աշխատակազմում տեղի ունեցող նախանիստերը:
Փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախանիստին հարցերը ներկայացվում են վարչապետի աշխատակազմի գլխադասային ստորաբաժանումների ղեկավարների կողմից, որոնք գործում են աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և վարչապետի աշխատակազմի ղեկավարին աշխատակազմում կազմակերպվող նախանիստերը վարելու հնարավորություն չընձեռելը որևէ տրամաբանական հիմնավորում չունի։
Նշված թվարկման մեջ ներառված չեն վարչապետի աշխատակազմի ղեկավարը և վերջինիս տեղակալները, որոնք հաճախ նախքան նախագծերը կառավարության նիստերի օրակարգ ներառելը պատասխանատու են լինում տարաբնույթ հարցերի քննարկումների կազմակերպման համար։
Աշխատակարգի 51-րդ կետում սահմանված է, որ նախարարարկան կոմիտեների նիստերը անցկացվում են որպես կանոն հինգշաբթի օրերին, սակայն պրակտիկայում նիստերը տեղի են ունենում ուրբաթ օրերին, ուստի նշված կետում առաջարկվում է կոմիտեների անցկացման օրը փոխել։
Բացառիկ դեպքերում կոմիտեի անդամ-նախարարի փոխարեն կոմիտեի նիստին մասնակցելու հնարավորություն նախատեսել համապատասխան նախարարի տեղակալին, եթե առկա է կոմիտեի նիստը վարող փոխվարչապետի կողմից բանավոր տրված համաձայնություն։ Այս փոփոխությունը պայմանավորված է կոմիտեի նիստերին քվորում ապահովելուն, այն դեպքերում երբ կոմիտեի անդամ նախարարը որևէ պատճառով չի կարող ապահովել մասնակցություն կոմիտեի նիստին։