Վարորդներին 1 տարվա համար տրվելու է 9 միավոր. խախտումների դեպքում միավորներ կհանվեն (տեսանյութ)
ВидеоՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ հարցերին, որով հստակեցվում են ճանապարհային խախտումների արդյունքում բալային միավորների հանման մեխանիզմները: Հարցը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված՝ ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի թվով 100 իրավախախտումներից 26-ի համար նախատեսված տուգանքն առաջարկվում է նվազեցնել: Մասնավորապես, 7-ը նախատեսվում է նվազեցնել ավելի, քան 50%-ով, 10-ը` 50%-ով, ևս 9-ը` 50%-ից նվազ չափով: Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր: Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվելու են տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Եթե իրավախախտման համար հանվող միավորները գերազանցեն անձին տրված միավորների մնացորդը, ապա տուգանային միավորները հանվելու են այդ մնացորդի չափով` անկախ տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորների չափից»,- ասաց Քոչարյանը:
Հարցի քվեարկության ընթացքում դեմ քվեարկեց միայն ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, պատճառաբանելով, որ այդ եզրակացությանն է հանգել հարցի քննարկման ընթացքում: