Նիկոլ Փաշինյանի կոչը՝ արցախցիներին
ПолитическиеԿոչ եմ անում Արցախի մեր ժողովրդին՝ միանշանակ և աներկբա ոչ ասել, մերժել բոլոր այն ուժերին, ում գործունեությունն ուղղված է մեր ժողովրդի երկու հատվածների միջև հակասություններ սերմանելուն: Այս մասին այսօր, դատական համակարգի վերաբերյալ արած իր հայտարարության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Օգտվելով առիթից՝ ուզում եմ անդրադառնալ եւս մեկ թեմայի, որը վերը նշված հետ կապ ունի անուղղակի: Ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, ովքեր փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձեւը. այն է՝ տարաձայնություններ, հակասություններ եւ նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ՝ «Բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ, նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով:
Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ:
Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարության աներկբա աջակցության դիրքերից, մյուս բոլոր ուժերը միանշանակ միայն մեկ նպատակ ունեն՝ Արցախի ժողովրդին օգտագործել իրենց նեղ խմբային շահերը սպասարկելու, նախկինում գործած հանցագործությունների պատասխանատվությունից խուսափելու համար, Հայաստանի և Արցախի ինքնիշխանության դեմ դավադրություններ հրահրելու համար»,-ասաց Փաշինյանը: