Եկել է «խաղաքարտերը» բացելու պահը
ՎերլուծականՄարտի 1-ի անջատված գործի վարույթը կասեցվել է ու ուղարկվել Սահմանադրական դատարան։ Դատարանը փաստել է, որ գործը դատական քննության նախապատրաստելուն ընդառաջ համապատասխան որոշում կայացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (ՀՀ Քրեական ՀԻՆ օրենսգիրք) և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի՝ (ՀՀ քրեական ՆՈՐ օրենսգիրք) ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանելու վերաբերյալ կան հիմնավոր կասկածներ: Պետք է փորձել հասկանալ՝ ո՞րն էր վարույթը կասեցնելու իրական պատճառը: Եթե գործը «ջուր» է, ապա այս դեպքում հասկանալի է, որ դատարանը չի կարող գործել օրենքին հակառակ և պետք է պահի անհրաժեշտ ընթացակարգը:
Այս տեսանկյունից հասկանալի են դառնում վարչապետ Փաշինյանի հախուռն քայլերը, քանի որ նման սցենարը կարելի էր կանխատեսել և որպես հակափաստարկ՝ դաշտ գցել դատական համակարգի դավադրության թեզը: Փաշինյանի քայլերը այս դեպքում հասկանալի են, սակայն վիրահատական միջնորդության հետ վերջինս ունենալու է լուրջ խնդիրներ, քանի որ այդ գաղափարից ոգևորված չեն ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ միջազգային հարթակում, իսկ ներքին աջակցության՝ Փաշինյանի ռեսուրսները օր օրի սպառվում են: Փաշինյանը նախապես հայտարարել էր, թե ակնկալում է հպարտ քաղաքացիների «համաժողովրդական աջակցությունը», բայց դա հենց այնպես` օդի մեջ ասված գեղեցիկ խոսք էր։ Հազիվ 2000 մարդ արձագանքեց դատարանները շրջափակելու եւ դրանց աշխատանքը կաթվածահար անելու կոչին:
Ինչ վերաբերում է երկրորդ նախագահին, ապա նա ստանում է մանևրելու շատ ավելի լայն հնարավորություններ, հատկապես, որ ՍԴ քննությունը կարող է ձգձգվել մինչև մեկ տարի: Մեկ տարին բավարար է ինչպես նոր քաղաքական միավոր ձևավորելու, այնպես էլ դաշտում առկա քաղաքական ուժերը կոնսոլիդացնելով: Վերջին շրջանում արդեն իսկ զգալի ակտիվացել է ՀՅԴ-ն, իսկ Դաշնակցության վերաբերմունքը երկրորդ նախագահի քաղաքական նկրտումների մասին՝ բոլորին քաջ հայտնի է: Այստեղ էլ, բնականաբար, առաջանում է հարց, թե որտեղ կլինի ՀՅԴ-ն, երբ Ռոբերտ Քոչարյանը լինի արդեն ավելի առաջնային քաղաքական կարգավիճակում: Դաշնակցությունը կկազմի՞ նոր ուժի առանցքը, թե՞ կդառնա դրա մաս: Որովհետև հակառակ դեպքում հարց է, թե ինչ դիրքավորում է ունենալու այդ ուժի նկատմամբ, քանի որ մեծ է հավանականությունը, որ երկրորդ նախագահն իր քաղաքական այդ ծրագիրը կյանքի կոչելու դեպքում մյուս ուժերի հանդեպ վարելու է, այսպես ասած, «վերջնագրային» քաղաքականություն՝ կա՛մ նրա հետ, կա՛մ նրա դեմ: