Իրավիճակը տհաճ է ու վտանգավոր. Արամ Սարգսյան
ԲլոգոսֆերաՀանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իրավիճակը տհաճ է ու վտանգավոր՝ մեծը իրեն մեծի պես և շրջահայաց չի պահում, ջահել ու անփորձն էլ հարգանք չունի, սրում է ու սրում: Ես առաջին օրից դեմ եմ եղել հակադրություններին՝«Հին» ու «Նոր» Հայաստանների, տարիքային ռասիզմ հիշեցնող «սերնդափոխության», «հեղափոխության» և "Արցախյան ազատամարտի» համեմատության, առավել ևս՝ հակադրության, «սև»-ի ու «սպիտակ»- ի բաժանման...
Այն դիտարկումների հետ էլ, որ ես ԼՂՀ իշխանությանն եմ պաշտպանում, համաձայն չեմ։ Ես փորձում եմ հարթել, ցավոք, չի ստացվում: Դեռ չի ստացվում: Ես համոզված եմ՝ հայրենիքը բոլորիս համար եղել է մեկը, կա ու լինելու է մեկը: Մահապարտները ուրիշի հայրենիքի համար չէին գնում հաղթելու: Պատերազմը ավարտված չէ: Գլխավոր հարցը լուծված չէ՝ Արցախի կարգավիճակի ու անվտանգության: Այս պարագայում արտաքին աշխարհի հետ հարաբերվելու ու մեր խնդիրները լուծելու փոխարեն՝ ներքին խնդիրներ ստեղծելը, մեղմ ասած, նպատակամետ չէ:
Դա չի նշանակում ամեն ինչ ծածկադմփոց անել, դա նշանակում է իրար հանդիպել ու ամեն ինչ պարզել, հետո ստատուսներ գրել ու հայտարարություններ անել՝ եթե անհրաժեշտություն լինի: Ես ոչ մեկին պաշտպանելու խնդիր չունեմ: Նախ՝ իրենք իրենց հրաշալի պաշտպանում են ու կողքից պաշտպանների կարիք չունեն, հետո էլ՝ իմ քաղաքական կարիերայում ես միշտ ձգտել եմ խնդիր լուծել, ոչ թե խնդիր դառնալ»։