Հներից կազատվեն «խորամանկ» ձևով
Analytical«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը հետաքրքրական նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է ներդնել հանրաքվեի գործիք, որի միջոցով հնարավորություն կստեղծվի ժամանակից շուտ պաշտոնանկ անել համայնքապետերին։ Համայնքապետին անվստահություն հայտնելու հետևյալ մեխանիզմն են առաջարկում՝ ընտրողների 20 տոկոսի նախաձեռնությամբ անցկացնել հանրաքվե, որի արդյունքներն ընդունված կլինեն, եթե հանրաքվեին մասնակցել է համայնքի ընտրողների 40 տոկոսը, և եթե կողմ է քվեարկել նրանց կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան տեղական մեկ քառորդը։
Կառավարությունը արդեն մեկ տարի է՝ փորձում է բոլորիս համոզել, որ փորձում է ճանապարհ գտնել՝ վերացնելու տասնյակ համայնքներում հեղափոխությունից հետո ծագած ճգնաժամը, երբ համայնքի բնակիչները ստորագրահավաքներ ու ցույցեր են անում՝ պահանջելով համայնքի ղեկավարի հրաժարականը։ Սակայն վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ այն համայնքապետերը, որոնց դեմ օրերով, ամիսներով ցույցեր են կազմակերպվել, կարող են այնհուհետև ընտրությունների արդյունքում վերընտրվել՝ անհարմար վիճակի մեջ դնելով նոր իշխանություններին: Հետևաբար, օրենքի այս նոր նախագիծը ոչ այլ ինչ է, քան նոր մահակ, որի շնորհիվ Փաշինյանի թիմը հույս ունի ձերբազատվել անցանկալի համայնքապետերից: Ընդ որում՝ դա արվում է բավական խորամանկ ձևով՝ պատասխանատվությունը դնելով ժողովրդի վրա. չէ՞ որ հանրաքվեի արդյունքում են հեռացվելու այս կամ այն համայնքապետերը, և դա որևէ կերպ չի դիտարկվի իբրև շանտաժ կամ ուղղակի միջամտություն ընտրովի մարմինների գործերին:
Նախկինում համայնքապետերը հանդիսանում էին ՀՀԿ-ի «տոկոս խփողները», այժմ իշխանությունները փորձում են ստեղծել նոր գործիքակազմ՝ սեփական տոկոս խփողներին համայնքապետերի աթոռներին նստեցնելու համար: