Ո՞ւր կհասնի Հայկ Սարգսյան-Ալեն Սիմոնյան լարվածությունը
Политические«Որևէ նեղ անձնական շահ չկա, ես քիչ հետո իմ ֆեյսբուքյան էջում էլ կներկայացնեմ այն տենդենցը, թե 2010-2018 թվականների ընթացքում խաղադրույքների ծավալներն ինչպես են աճել»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը` անդրադառնալով Ալեն Սիմոնյանի առաջարկած «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու և փոփոխությունների նախագծերի փաթեթի որոշ դրույթների հետ իր համակարծիք չլինելուն:
Հայկ Սարգսյանը համառոտ ներկայացրեց 2010-2018 թվականներին խաղադրույքների մասին իր կատարած վիճակագրությունը. «2010 թվականին ամբողջ ծավալը կազմել է 14 միլիարդ, իսկ 2018 թվականին՝ 206 միլիարդ, այսինքն՝ 23 անգամ աճել է խաղադրույքների հաճախականությունը: Մենք խնդիր ենք տեսնում այստեղ և սրա դեմ պետք է պայքարենք»,-ասաց նա:
Ավելի վաղ ԼՈՒՐԵՐ.com-ը գրել էր, որ այս նախագիծը բավականին խնդրահարույց է և որոշակի լարվածություն է առաջացրել նույն խմբակցությունից՝ տարբեր շահեր հետապնդող Ալեն Սիմոնյանի և Հայկ Սարգսյանի միջև:
Խնդրո առարկա թեման Սիմոնյանի կողմից առաջարկված բուքմեյքերական ընկերությունների աշխատանքը կանոնակարգող աղմկահարույց օրենքի նախագիծն էր: Եվ, եթե Սիմոնյանը օրենքը կարել էր «Բեսթ Քոնսթրաքթ» ընկերության շահերին համահունչ, քանի որ հանդիսանում է «Վիվառո»-ի սեփականատեր Վիգեն Բադալյանի մտերիմը, Սարգսյանն անում էր ամեն ինչ՝ այն վերաձևավորելու և պաշտպանելու «Գուդվին» ընկերության շահերը: Բանն այն է, որ Սարգսյանը 2018-ին պատգամավոր է ընտրվել Գեղարքունիքի մարզից՝ ռեյտինգային ընտրակարգով՝ «Իմ քայլ»-ին բերելով 11 563 ձայն: Այս գործում Սարգսյանին օգնել են գավառցի եղբայրներ Ալիկ և Արա Բանդուրյանները և հենց նրանց է պատկանում Ալեն Սիմոնյանի նախաձեռնության արդյունքում փակման վտանգի առջև կանգնած «Գուդվին-Բեթ» բուքմեյքերական ընկերությունը: Հասկանալի է, որ «Գուդվին»-ի սեփականատերերը նույնպես պետք է փորձեն պաշտպանել իրենց բիզնես շահը: Հայկ Սարգսյանն էլ ԱԺ-ում լոբբինգ էր անում հենց այդ շահերի օգտին: