Երևանի «թիվ 1» խնդիրը լուծվեց
АналитическийՄինչ մոտենում է ամառը և Երևանին սպառնում է կուտակված աղբի պատճառով խոլերայի օջախի վերածվելը, մինչ տասնյակ կուտակված հարցեր շարունակում են լուծման սպասել, մինչ երևանցիները գույքագրում են քաղաքապետ Մարությանի տված և չկատարված խոստումները՝ Երևանի ավագանին զվարճանում է: «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօրվա ավագանու նիստում առաջարկել է Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորիչ փողոցների և Մաշտոցի պողոտայի անուններում ավելացնել «սուրբ» բառը: Ըստ ավագանու անդամի՝ աշխարհի բազմաթիվ երկրներում փողոցներն ու երկրները, որոնք կրում են սրբադասված մարդկանց անուններ՝ ունեն հատուկ գրավչություն:
Ստացվում է՝ Երևանում տուրիստներ չկան ոչ թե այն պատճառով, որ քաղաքը գրավիչ չէ իր ենթակառուցվածքների, մաքրության, հարմարավետության տեսանկյունից, այլ պարզապես փողոցների անունները գրավիչ չեն: Թերևս, կարելի է հարց ուղղել ավագանու անդամներին՝ արդյո՞ք նրանք չեն գտնում, որ կան լուծման կարոտ շատ ավելի առարկայական խնդիրներ, քան «թիթեռ նկարելն է»: Այս ավագանին քաղաքի ղեկավարությունը ստանձնեց շատ դրական նոտաներով, երևանցիներին հուսախաբ չանելու խոստումներով, սակայն ինչպես տեսնում ենք՝ խնդիրները Երևանում լուծվելու փոխարեն միայն կուտակվում են: Թերևս, ավագանուն ավելի հեշտ է ժամավաճառությամբ զբաղվել՝ ռեսուրսներ ծախսելով նման տասներորդական հարցերի վրա և աշխատանքի բուռն իմիտացիա ստեղծելով…
Իսկ երևանցիներն ու իրենց խնդիրները կսպասեն…