Շատ ուրախ եմ, որ ինքն այդքան վառված է․ Հայկ Ալումյան
SocietyԻնչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, նկատի ունենալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանին, հայտարարեց, թե ինչպե՞ս կարող է մեկ փաստաբանը պաշտպանել երկու մարդկանց, ովքեր միմյանց դեմ ցուցմունք են տալիս: Նա նաև նշել է, որ Հայկ Ալումյանն այն մարդն է, ով հրազենով իր վրա հարձակված մարդու շահերն է պաշտպանում դատարանում:
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը, մեկնաբանելով իմքայլական պատգամավորի հայտարարությունները դրանք որակեց որպես վառված մարդու խոսակցություններ․ «Ես պաշտպանել և պաշտպանում եմ պարոն Շիրխանյանին և պարոն Քոչարյանին, իրենց գործերը, որոնց պաշտպանությունն իրականացնում եմ՝ որևէ կերպ մեկը մյուսին չեն առնչվում։ Այն, որ նրանք մեկը մյուսի վերաբերյալ բացասական կարծիք է արտահայտել՝ ոչ մի կերպ չի խոչընդոտում ինձ՝ իրականացնել նրանց պաշտպանությունը, չի առաջացնում շահերի բախում կոնկրետ այդ գործերով։ Բացի այդ, իրենք երկուսն էլ գիտեն, որ ես երկուսի պաշտպանությամբ էլ զբաղվում եմ, եթե իրենց շահերի բախման հետ կապված խնդիր լիներ, ապա առաջինն իրենք կիմանային։ Այնպես որ՝ պետք չէ նրանց մասին ավելի շատ մտահոգված թվալ, քան իրենք են»,- ասաց փաստաբանը՝ խորհուրդ տալով Հայկ Սարգսյանին՝ իր մտահոգություններն ու կրքերը պահել այլ ավելի պատեհ առիթի համար։
Պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել էր նաև, թե Հայկ Ալումյանը միայն մեկ ճիշտ բան կարող է անել` փոխել իր անունը․ «Հայկ Ալումյանը պիտի իր անունը փոխի, որովհետև այդ անունը կրելը պատիվ չի բերում «Հայկ» անունը կրող մյուս քաղաքացիներին»,- ասել էր պատգամավորը:
«Հիմար դիտարկում է։ Ոնց հասկանում եմ՝ ինքը մյուս բոլոր Հայկերի հավաքական կարծիքն է ուզում ներկայացնել, բայց ինքն այդ լիազորությունները չունի։ Երկրորդ՝ կիրթ մարդը խորհուրդներ է տալիս այն ժամանակ, երբ իրենից խորհուրդ են հարցնում: Այս դեպքում՝ ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ է ինքը կարծում՝ պատճառ կա, որ ինձ խորհուրդ տա։ Իր հարցազրույցը վառված մարդու խոսք է, ես շատ ուրախ եմ, որ ինքը այդքան վառված է»,- նկատեց փաստաբան Հայկ Ալումյանը։
Դիտարկմանը, թե վերջին օրերին կարծեք թե արշավ է սկսվել իր դեմ, արխիվից հանում են ֆեյսբուքյան էջի նախկին գրառումները, որտեղ դրական էր արտահայտվել ներկայիս իշխանության մասին՝ դժգոհելով նախորդներից, Ալումյանը պատասխանեց․ «Վերջին 5 տարիների իմ գրառումներում դատաիրավական ոլորտի վերաբերյալ ոչ ոք ինձանից շատ չի քննադատել նախկին իշխանության մոտեցումները։ Նախորդ իշխանությունների ժամանակ ոչ միայն սուր քննադատել եմ դատաիրավական համակարգի վիճակը, այլև Եվրոդատարան բազմաթիվ գանգատներ եմ ներկայացրել ու շահել։ Երբ այս մարդիկ գալիս էին իշխանության, հայտարարում էին, որ դատաիրավական համակարգը պետք է ազատվի ճնշումներից, կոռուպցիայից և այլն, մի բան, որին ես կողմ էի և աջակցում էի գաղափարապես, որի մասին գրել եմ և չեմ հանել դրանք։ Իրենք պետք է վատ զգան, որ ինձ նման աջակից ունենալով՝ կարողացել են այն աստիճանի չկատարել իրենց իսկ ասածը և անել հակառակը, որ ես՝ այն ժամանակ լինելով իրենց գաղափարակիցը, հիմա իրենց քննադատն եմ հանդիսանում։ Ավելի լավ է իրենք մեյդան չհանեյին, որովհետև դրանից մի պարզ բան է երևում, թե ես և շատերը ժամանակին ոնց ենք ոգևորված եղել և հիմա հիասթափվել իրենց խոստումնազանցությունից»,- ասաց փաստաբանը։
Օրերս Փաշինյանը հայտարարեց դատական համակարգում վեթինգ իրականացնելու մասին, որանո՞վ է դա հնարավոր՝ հարցին ի պատասխան Ալումյանն ասաց, թե բոլորը միայն քննարկում են՝ առանց իմանալու՝ ինչ է վեթինգը․ «Բոլորը բուռն քննարկում են վեթինգը, մի մասն ասում է պետք է վեթինգը, մյուս մասը՝ չի կարելի վեթինգ, մեկ ուրիշը, թե կործանվում ենք առանց վեթինգի։ Սակայն այդ մարդկանցից ոչ ոք չգիտի, թե ինչ է վեթինգը, այդ թվում՝ վեթինգի մասին հայտարարողը, համոզված եմ»,- նշեց Հայկ Ալումյանը։
Սոնա Հարությունյան