Ինչո՞ւ չկան ներդրումներ. նոր թիրախն ու նոր մեղավորները գտնվեցին
AnalyticalՎերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը սկսել է ավելի զգույշ արտահայտվել ներդրումների վերաբերյալ։ Նա այլևս չի խոսում ներդրումային բումից, ինչի մասին անընդհատ հայտարարում էր իշխանափոխության սկզբում: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ ներդրումների մասին հնչող հայտարարություններն էլ, մեղմ ասած, տարակուսելի և հակասական են, ինչը շատ ավելի հարցեր է առաջացնում:
«Այս պահին կառավարության հետ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր` շուրջ 3,1 մլրդ դոլար ծավալով»,- ասել է Փաշինյանը՝ ԱԺ-ում կառավարության գործունեության ծրագրի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ։ Եվ սա այն դեպքում, երբ ընդամենը 9 օր առաջ խոսում էր 89 ներդրումային ծրագրերով 2,5 մլրդ դոլար ներդրումների մասին։ Մի քանի օրում ներդրումների գումարը 600 մլն դոլարով ավելացավ, թեև ծրագրերը մնացին նույնը։
Մի բան ակնհայտ է, որ Հայաստանում ներդրումային գործունեություն իրականացնելու համար ռիսկերը դեռևս մեծ են։ Այդպիսի գործունեությունը պահանջում է երաշխիքների մեծ համակարգ, իրավական ամրակուռ հիմքեր, ինստիտուցիոնալ համապատասխան մեխանիզմներ, որոնք Նիկոլ Փաշինյանը մեկ տարի անց էլ չկարողացավ ներդնել: Փոխարենը շարունակվում է մեղավորների փնտրտուքը: Մասնավորապես, մինչև ընտրությունները շատ էր խոսվում այն մասին, որ ներդրումներ չկան, որովհետև չեն եղել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Փաշինյանը դեռ վարչապետ չէ և այլն: Այսօր էլ հայտարարվում է, որ ներդրումներ չկան, քանի որ չկա վստահություն դատական համակարգի հանդեպ:
Հասկանալի է, որ այսպիսով Փաշինյանը փորձում է արդարացնել դատական համակարգի հանդեպ հարձակումը, սակայն հասկանալի է նաև, որ դատական համակարգի դեմ ապօրինի գործողություններն են առաջին հերթին դանդաղեցնում ներդրումների հոսքը Հայաստան: Իրականում բացի ասֆալտներին փռելուց, տնտեսության զարգացման տեսլական չներկայացնելուց, բիզնեսին հարվածող հարկային օրենսգիրք առաջարկելուց, Փաշինյանի թիմը մեկ տարվա ընթացքում չի արել ոչինչ, որպեսզի ապահովի ներդրողների համար հարմարավետ պայմաններ: Մնում է մեղավորներ փնտրելը: Դատական համակարգի դեմ արշավ սկսելով, ևս մի քանի ամիս կարելի է ժամանակ շահել, սակայն արդյո՞ք դա կհանգեցնի տնտեսության զարգացմանը…