Եթե դատական համակարգի առողջացումը ենթադրում է որոշակի քայլեր՝ պիտի այդ քայլերին գնանք. իմքայլական պատգամավոր
Քաղաքական«Բացի վեթինգից, լինելու են մի շարք ինստիտուցիոնալ փոփոխություններ»,-այս մասին Ազգային ժողովում, ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:
Անդրադառնալով անցումային արդարադատության գործիքակազմի և դատաիրավական համակարգում մնացած փոփոխությունների օրենքների տարբերությանը, պատգամավորը նկատեց. «Առաջինի դեպքում լինելու են ժամակավոր, շատ հստակ ժամանակահատվածի վերաբերող, իսկ ինստիտուցիոնալ փոփոխությունները լինելու են մշտական: Պետք է նկատենք, որ սրանք դատական համակարգի առողջացմանն ուղղված միտումներ են»,-նկատեց նա:
Հարցին, թե ինչպես կմեկնաբանի հրապարակված ձայնագրությունը, որտեղ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները թեժ քննարկումների մեջ են, հնչում են նաև տեսակետներ ԲԴԽ-ն ցրելու մասին, պատգամավորն արձագանքեց. «Խորհուրդ եմ տալիս նայել, թե խմբակցության կողմից ինչ է պատասխանվել դրա վերաբերյալ: Այո՛, եղել են պատգամավորների միջև խոսակցություններ: Խմբակցության ղեկավարը նշել է, որ ինքը չի հիշում, որ հենց նիստի ժամանակ են եղել նման քննարկումներ: Տեսեք՝ նիստն ընթանում է և, միևնույն ժամանակ, տարբեր պատգամավորներ ունենում են խոսակցություններ իրար մեջ, սա հնարավոր չի վերահսկել: Ինչ վերաբերում է նրան՝ հարցը քննարկելի է, թե ոչ, ապա` այո, պատգամավորն իրավունք ունի քննարկել ցանկացած հարց: Ես չեմ մեկնաբանի պնդումները: Եկեք համակարգային նայենք, չնայենք քննարկող անձերին: Ես Ձեզ հստակ դիրքորոշում եմ ասում. եթե դատական համակարգի առողջացումը ենթադրում է որոշակի քայեր, ապա պիտի այդ քայլերին գնանք»,-ասաց Հռիփսիմե Գրիգորյանը:
Հարցին` նույնիսկ ԲԴԽ-ն ցրելո՞վ, Հռիփսիմե Գրիգորյանն արձագանքեց. «Բոլորը պիտի լինի օրինականության սահմաններում: Հուսամ՝ սա պատասխանում է հարցին: Ես իրավական դիրքորոշում չեմ կարող տալ` իրավաբան չեմ, քաղաքական դիրքորոշում եմ տալիս` որպես իմքայլական պատվամավոր: Ես կարծում եմ, որ դատաիրավական համակարգն այսօր առողջ չի: Առողջացման ուղղությամբ պիտի գործադրենք բոլոր քայլերը: Դատական համակարգի անկախացումը պետք է ոչ միայն օրենսդիրից և գործադիրից, այլև բոլոր մնացյալ ուժերից: Դա շատ կարևոր է, որովհետև առանց դատական համակարգի առողջացման, մենք չենք հասնելու մեր երազանքների արժեքների իրականացմանը: Եթե սրա համար կարիք կլինի ընդունել օրենքներ որոնք չկան, կամ օրենքներում կատարել փոփոխություններ, շեշտում եմ` դատաիրավական համակարգի առողջացման համար, ուրեմն այդ քայլերը պետք է արվեն»,-եզրափակեց պատգամավորը: