Կառավարությունում «չիստկա» կլինի՞
AnalyticalՏրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը վերջին շրջանում աչքի է ընկնում իր ակտիվությամբ: Սակայն ակտիվությունը առավելապես դրսևորվում է ընդդիմադիրներին քննադատելու, նրանց հասցեին տարատեսակ գնահատականներ հնչեցնելու տեսքով: Ինչ վերաբերում է նախարարի բուն պարտականություններին՝ այստեղ ամեն ինչ չէ, որ միանշանակ է: Հեղափոխական նախարարի առկայությունը ենթադրում է նաև հեղափոխական փոփոխություններ ոլորտում, սակայն այդպիսիք դեռևս չեն նշմարվում: Լարսի անցակետի այլընտրանքի հարցը լուծվե՞լ է՝ ոչ, որակյալ ճանապարհները ավելացե՞լ են՝ ոչ, սողանքային խնդիրների պատճառով վնասվող ճանապարհների խնդիրը լուծվե՞լ է՝ ոչ, հյուսիս-հարավի հետ կապված անհասկանալի իրավիճակը շարունակվում է»:
Անգամ այսօր էլ բողոքի ակցիաներ են տեղի ունենում կապված վարչարարական հարցերի թերի լուծման հետ: Այդ հարցերին անդրադառնալու փոխարեն նախարարն առաջարկում է, օրինակ, հարկել յութուբից ստացվող եկամուտը, չնայած փորձագետների նախազգուշացումներին, որ այդ քայլը ընդամենը աշխատանքի իմիտացիա է, և բյուջեն լցնելու շատ ավելի էֆեկտիվ ճանապարհներ կարելի է գտնել: Բացի այդ, շարունակում է դարակազմիկ մտքեր արտահայտել: Օրինակ, հարցին թե կառավարական կրճատումների պատճառով բազմաթիվ աշխատակիցներ դրսում են մնալու, կորցնելու են աշխատանքը, նախարարը պատասխանում է, թե «այդ մարդուն աշխատանք գտնելու հնարավորություն ենք տալիս»: Այլ կերպ ասած, նախարարը համոզված է, որ մարդկանց պետք է աշխատանքից հեռացնել, որպեսզի նրանք հնարավորություն ունենան աշխատանք գտնելու:
Սա, իհարկե, Արշակյանի միակ կիքսը չէ: Միգուցե նույնիսկ հանրությունը աչք փակեր այդ զավեշտի վրա, եթե նախարարն այդ նույն հանրությանը գոհացներ իր աշխատանքի որակով: Ի դեպ, Վրաստանի վարչապետն այսօր հայտարարել է, որ արդյունք ցույց չտվող նախարարները կհեռացվեն աշխատանքից: Կարծում ենք՝ ժամանակն է, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նման մոտեցում որդեգրի…